ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում․ Արմենպրես

533

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացված լրացումը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Մինչ լրացման ընդունումը Ֆրանկ Փալոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել․ «Ադրբեջանի այսօրվա հարձակումը հայկական հողերը զավթելու և երկրում ժողովրդավարությունը խաթարելու ծրագրի մի մասն է։ Եթե այս ագրեսիայի անտեսումը շարունակվի, նրանք կշարունակեն հարձակումները՝ մահացու ելքով։ Ներկայացուցիչների պալատի ծախսերում փոփոխության վերաբերյալ իմ առաջարկած նախագիծը ադրբեջանական ուժերի ֆինանսավորումը դադարեցնելու ազդակ է»,- նշել է Փալոնը։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին»:

Նշվում է, որ դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ:

Նախորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանական ԶՈՒ-ն Գեղարքունիքի հատվածում կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ Ունենք վիրավոր
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը