‘ԱՄՆ-ն ահաբեկիչ է հռչակել Լիբանանի նախկին նախարարներից մեկին’

818

ԱՄՆ-ն արտասահմանյան ահաբեկիչների ցանկի մեջ է ընդգրկել Լիբանանի տեղեկատվության և զբոսաշրջության նախկին նախարար Միշել Սամահայի  անունը, որը ձերբակալված է իր հայրենիքում քաղաքական, պետական և կրոնական մի շարք գործիչների դեմ կազմակերպված դավադրություններին մասնակից լինելու մեղադրանքով, հաղորդում է newsru.com-ը: Ինչպես տեղեկացրել է պետդեպարտամենտը, լիբանանյան իշխանությունները կարծում են, որ Սամահան գործել է ի նպաստ Սիրիայի հատուկ ծառայությունների, որոնք փորձել են ապակայունացնել իրավիճակը հարևան երկրում: Ըստ որոշ տվյալների՝ անցյալ ամառ նա մասնակցել է ահաբեկչությունների կազմակերպմանը Լիբանանի հյուսիսում՝ փող և պայթուցիկներ փոխանցելով դավադրության մյուս մասնակիցներին, փոխանցում է   ИТАР-ТАСС-ը: Ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը, հաղորդում է պետդեպարտամենտը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նախկին նախարարի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, և ամերիկյան բանկերում նրա հաշիվները սառեցվել են:

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին Բեյրութում հզոր պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց նաև Լիբանանի անվտանգության ներքին ուժերի հետախուզության գրասենյակի պետ, բրիգադի գեներալ Վիսամ ալ-Հասանը: Հենց նա էր հետաքննում այն խմբավորման գործունեությունը, որը ղեկավարում էր Սամահան, և հայտնի էր որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն եւ երեք «քրջոտ ոչխարները»’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերվել է 1941 թ. խորտակված խորհրդային սուզանավ’