‘ԱՄՆ-ն աննպատակահարմար է համարում Օբամայի ամառային այցը Մոսկվա’

884

Բարաք Օբամայի այցը Մոսկվա, որ նախատեսված էր ամռանը, ամենայն հավանականությամբ՝ չի կայանա, հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես գրում է Коммерсантъ-ը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության չեն եկել միջուկային սպառազինության կրճատման հարցում, և այդ պատճառով պետդեպարտամենտում այցն աննպատակահարմար են համարում: Սպասվում է, որ ամերիկյան նախագահը Ռուսաստան կայցելի սեպտեմբերին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:

Այնուհանդերձ՝ Օբաման, նախկինի պես, տրամադրված է Մոսկվայի հետ բավական լարված հարաբերությունները լիցքաթափելու ուղղությամբ: Ակնկալվում է, որ փակուղուց դուրս գալու փնտրտուքին կնվիրվեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ շաբաթ օրը Մյունխենում կայանալիք բանակցությունները, ինչպես նաև՝ Օբամայի խորհրդական Թոնի Դոնիլոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպումը, որը նախատեսված է փետրվարին:

Հիշեցնենք, որ Եվրոպայում ՀՀՊ օբյեկտներ տեղակայելու՝ ԱՄՆ ծրագրերը երկար ժամանակ է՝ խոչընդոտում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունների լիցքաթափմանը: Հունվարի վերջին պարզվեց, որ Դոնիլոնը մոսկովյան այցի ընթացքում ռուսաստանյան կողմին կարող է առաջարկել հակահրթիռային պաշտպանության նոր պայմանագրի սևագիր նախագիծը: Ռուսաստանին զիջումներ անելու հեռանկարն արդեն իսկ քննադատռության է արժանացել Օբամայի ընդդիմախոսների՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից: 

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը քիչ հետո կվիրահատվի ‘
Հաջորդ հոդվածը‘Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի’