‘ԱՄՆ-ն Մոնղոլիային կվերադարձնի 18 դինոզավրերի կմախքները ‘

860

ԱՄՆ-ն համաձայնել է Մոնղոլիա ուղարկել 18 դինոզավրերի մասունքները, որոնք հայտնաբերվել են քրեական հետաքննության ժամանակ, փոխանցում է  New York Post-ը:

Նախնական տվյալներով՝ կմախքները 68 — 80 միլիոն տարեկան են, դրանք հայտնաբերվել են Գոբի անապատում, ապա անօրինական ձևով տեղափոխվել ԱՄՆ:

Կմախքների հայրենադարձությունը Մոնղոլիա սկսվեց հնէաբան Էրիկ Պրոկոպիին  մաքսանենգության համար երեք ամիս ժամանակով ազատազրկելուց  քիչ անց:  Պրոկոպին 2012 թ. իրեն մեղավոր է ճանաչել քրեական հանցագործության մեղադրանքի երեք կետերով և համագործակցել է դատախազության հետ՝ գտածոների վերաբերյալ տեղեկատվությունը վերականգնելու հարցում, այդ թվում՝ նաև իշխանությունների համար անհայտ գտածոների:

«Սա պատմական պահ է ԱՄՆ-ի փաստաբանական գրասենյակի համար, և մենք հպարտ ենք, որ մասնակցում ենք դինոզավրերի կմախքների վերադարձմանը իրենց օրինական տերերին»,- ասել է Մանհեթնի դատախազ Փրիթ Բհարարան՝ ցուցադրելով կմախքների մի քանի մասեր Մանհեթնում կայացած հայրենադարձման արարողության ժամանակ: «Այս տեսակի վերականգնումն աննախադեպ է»,- նշել է նա:

Մոնղոլիան կառուցում է  բնական պատմության թանգարան, որտեղ կարող են ներկայացվել կմախքները, ասել է Բհարարան:

Մոնղոլիային են փոխանցվելու նաև  երկու տիրանոզավրերի կմախքներ, քարացած ձու և օվիրապտորների լավ պահպանված մի քանի «բույն»:     

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր Սելեզնյովն անհանգստացած է որդու կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’