‘ԱՄՆ-ն մտադիր է կրճատել տնտեսական օգնությունը Հայաստանին’

1260

Օբամա-Բայդենի վարչակազմը ներկայացրել է Հարավային Կովկասի երկրներին ԱՄՆ ֆինանսական օգնության 2016 թվականի նոր բյուջեն:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը, Հայաստանի համար առաջարկվող 1.836.0000 դոլարի ֆինանսական օգնությունն աննախադեպ քիչ է: Այն 2 միլիոնով պակաս է 2014 թվականի ֆինանսական օգնությունից: Այդ ցուցանիշը, հավանության արժանանալու դեպքում, կլինի ամենացածրը Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում:

Միևնույն ժամանակ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ Օբամայի վարչակազմը մտադիր է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին` չնայած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը: «Չնայած այն հանգամանքին, որ ռազմական հավասարությունը պահպանվել է, և օգնություն կհատկացվի նաև Հայաստանին, այդ գործողությունները խորը մտահոգություն են հարուցում», — նշել է նա: Ընդ որում՝ նշվում է, որ վարչակազմի բյուջեի նախագծում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղին օգնության մասին` թեև վերջին մի քանի տարիներին ԱՄՆ ՄԶԳ տարեկան 2.000.000 դոլար էր հատկացնում այդ նպատակով:

Համփարյանն ընդսմին նշել է, որ առաջիկա ամիսներին իրենք կշարունակեն աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնությունն ավելացվի, և զրոյացվի Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնությունը: «Մենք Կոնգրեսին կոչ ենք անում օտարերկրյա օգնության օրինագծի քննարկման ընթացքում ավելացնել օգնությունը Հայաստանին և Արցախին, բացառել ռազմական օգնությունն Ադրբեջանին», — նշել է Համփարյանը: Եթե բյուջեի նախագիծը հավանության արժանանա, Աջակցության տնտեսական հիմնադրամն Ադրբեջանին կտրամադրի  7.978.000 դոլար, Հայաստանին` 1.836.0000 դոլար, Վրաստանին` 50.552.000 դոլար:

Ադրբեջանին հատկացվելիք օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմում է 1.700.000 դոլար, Հայաստանին`1.700.000 դոլար, Վրաստանին` 0 դոլար:

Միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար Ադրբեջանին կհատկացվի 600.000 դոլար, Հայաստանին` 600.000 դոլար, Վրաստանին` 2.200.000 դոլար:

Թմրանյութերի նկատմամբ վերահսկողության և իրավակարգի աջակցման միջազգային կոմիտեն Ադրբեջանին կհատկացնի 800.000 դոլար, Հայաստանին` 1.700.000 դոլար,  Վրաստանին` 3.500.000 դոլար: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Բաշինջաղյան փողոցում երեք ավտոմեքենա է այրվել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից’