‘ԱՄՆ-ն ուժեղացրել է դեսպանատների պաշտպանությունը’

717

ԱՄՆ իշխանություններն ամբողջ աշխարհում ուժեղացրել են իրենց դիվանագիտական առաքելությունների պաշտպանությունը Սենատի զեկույցի հրապարակումից առաջ, որը, ինչպես ենթադրվում է, քննադատության է ենթարկում ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննության մեթոդները, որոնք կիրառում են ամերիկյան հատուկ ծառայությունները: Ամերիկյան իշխանությունները վախենում են, որ այդ տվյալների հրապարակումն ագրեսիվ արձագանքի կարժանանա այլ երկրների բնակիչների կողմից: Զեկույցի հրապարակման նախապատրաստությունը տևել է մի քանի ամիս, հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:

Սպասվում է, որ երեքշաբթի հրապարակվելիք զեկույցը՝ բաղկացած  6 հազար էջից, լույս կսփռի «Ալ-Քաիդայի» ենթադրյալ անդամների հարցաքննության ժամանակ ԿՀՎ աշխատակիցների կողմից գործադրվող խոշտանգումների վրա: Այդ պրակտիկան գաղտնի ծրագրի մի մասն էր, որը նախագահ Ջորջ Բուշը մտցրել էր 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Բարաք Օբաման 2009 թ. պաշտոնն ստանձնելուց հետո կասեցրել էր այդ ծրագիրը և խոստովանել, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կիրառվող մեթոդները հավասարազոր են խոշտանգումների:

Զեկույցի համառոտ բովանդակությունը՝ 480 էջանոց, հրապարակվել է ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում, ամբողջական զեկույցի նախօրեին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռոստովի» ֆուտբոլիստն իր փոքր բնական կարիքը հոգացել է խաղի ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Դոնբասում մեկնարկում է «լռության ռեժիմը»’