‘ԱՄՆ-ն Օմանին և Էստոնիային է փոխանցել Գուանտանամոյի հինգ կալանավորների’

896

Միացյալ Նահանգները Օմանի սուլթանության կառավարությանն է փոխանցել չորս կալանավորի, որոնք վերջին տարիներին պահվում էին հատուկ ահաբեկիչների համար նախատեսված Գուանտանամո բանտում՝ Կուբայում: Ինչպես հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ևս մի կալանավորի համաձայնել է ընդունել Էստոնիան: Բոլոր հինգ կալանավորները Եմենի քաղաքացիներ են և ձերբակալվել են արտասահմանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:

Հատուկ հանձնաժողովը, որը կազմված է Պենտագոնի, արդարադատության նախարարության, պետդեպարտամենտի և ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներից, որոշում է կայացրել, որ ԱՄՆ ազգային անվտանգության տեսակետից՝ այսուհետև Գուանտանամոյում նրանց  պահելը պարտադիր չէ: Օմանում և Էստոնիայում կալանավորները կգտնվեն իշխանությունների հսկողության տակ և վերականգնողական հատուկ կուրս կանցնեն:

Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ը այլ երկրների է հանձնել Գուանտանամոյի առնվազն 30 նախկին կալանավորների, իսկ վերջին 12 տարիների ընթացքում՝ ավելի քան 600-ի: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ նրանց 17 %-ը վերադարձել է ահաբեկչական գործունեության:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ դեռ Գուանտանամոյում է պահվում ևս122 կալանավոր:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ. Էբոլայի նոր դեպքերի թիվը նվազում է բոլոր վարակված երկրներում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալվել է Կապիտոլիումի դեմ ահաբեկչություն ծրագրած անձը’