‘ԱՄՆ-ն 3 մլն դոլար է խոստանում ռուսաստանցի կիբեռհանցագործի համար’

1023

ԱՄՆ պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն 3 մլն դոլարի պարգև են խոստացել տեղեկատվության դիմաց, որը կօգնի ձերբակալել և դատապարտել կիբեռհանցագործությունների և փողերի լվացման մեջ մեղադրվող ռուսաստանցի Եվգենի Բոգաչովին: Սա ամենամեծ գումարն է, որն ԱՄՆ-ը երբևէ սահմանել է ենթադրյալ կիբեռհանցագործին բռնելու դիմաց:

1983 թ. հոկտեմբերի 28-ին ծնված Բոգաչովը, վերջին տվյալների համաձայն, ապրում է Անապայում, նա համացանցում հայտնի է lucky 12345 և slavik անուններով: Հենց այդ ծածկանուններով էլ նրա նկատմամբ 2012 թ. օգոստոսին Նեբրասկա նահանգում գործ էր հարուցվել շորթման, համակարգչային մեքենայությունների և անձնական տվյալներ առևանգելու մեղադրանքով: Իսկ 2014 թ. մայիսին Փենսիլվանիայի Արևմտյան շրջանի դաշնային մեծ ժյուրին Բոգաչովի դեմ գործ է հարուցել արդեն նրա իսկական անունով: Այդ նահանգում Բոգաչովին նույնպիսի մեղադրանքներ են ներկայացվել՝ ավելացրած փողերի լվացման մեղադրանքը: Դատախազների տվյալներով՝  Բոգաչովը այն սխեմայի համակարգողն է, որի շրջանակներում տուժողների համակարգիչները վարակվում էին Zeus («Զևս») վիրուսով: Այդ ծրագիրը ներմուծվել է մոտավորապես մեկ միլիոն համակարգիչների մեջ և առևանգել  բանկային տվյալներ, գաղտնաբառեր, անձնական և այլ տվյալներ, որոնք հնարավորություն են տվել օգտվել բանկային հաշիվներից: Դատախազների հաշվարկների համաձայն՝ այդ կերպ Բոգաչովն ու նրա գործընկերները ԱՄՆ-ում կարողացել են գողանալ մոտավորապես 100 մլն դոլար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրիա. Նախկին դեսպան Ալիևի մահը ինքնասպանություն է ճանաչվել’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» հարձակումներ էր ծրագրել Ռուսաստանում’