‘ԱՄՆ-ում աճուրդի են հանվել Օսկար Շինդլերի փաստաթղթերը’

783

ԱմՄՆ-ում աճուրդի են հանվել գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերի փաստաթղթերը: Շինդլերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին իր կյանքի գնով գազախցիկներից փրկել է հիտլերյան համակենտրոնացման ճամբարներում փակված 1,2 հազար հրեաների: Օնլայն-աճուրդը, որը կտևի մինչև օգոստոսի 14-ը, կազմակերպել է Նյու-Հեմփշիրի RR Auction աճուրդի տունը: Ինչպես այսօր տեղեկացրել է աճուրդի տան փոխնախագահ Բոբի Լինգվիսթոնը, հավաքորդների ուշադրությանը կներկայացվեն, մասնավորապես, Շինդլերի ստորագրությամբ ստացականները՝ թվագրված 1944 թ. օգոստոսով: Գերմաներեն այս փաստաթղթերը տրվել են Կրակովի էմալապատ իրերի արտադրությամբ զբաղվող և Շինդլերին պատկանող գործարանի մի բանվորի անունով: Այդ գործարանում՝ մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբարի կողքին, աշխատում էր հազարից ավելի հրեա: «Իմ գործարանի աշխատող Ադամ Ջիջիչը, որ ապրում է Կրակովում, Կրակովի գլխավոր զինվորական հրամանատարությունից ռազմական սարքավորումներ բեռնաթափելու և հավաքելու թույլտվություն է ստացել»,- ասված է ստացականներից մեկում:

Աճուրդում առաջարկվում են նաև Շինդլերի՝ Կրակովում ռազմամթերքի արտադրությամբ զբաղվող գործարանի գծագրերը: Այդ գործարանի շինության ետևում հրեա բանվորների կացարաններն էին:

Պատերազմից հետո Օսկար Շինդլերը լրիվ սնանկացավ և մինչև կյանքի վերջը գոյատևում էր իր կողմից փրկված մարդկանց աջակցությամբ: Համաշխարհային ճանաչում Շինդլերը ձեռք բերեց միայն մահվանից հետո, երբ 1993 թ. էկրան բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Իսկ մահվան 25-ամյա տարելիցին Շինդլերի իրերի ու փաստաթղթերի մեջ հայտնաբերվեց նշանավոր ցուցակի բնօրինակը, որն անվերադարձ կորած էր համարվում, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 3)’
Հաջորդ հոդվածը‘Բերման ենթարկված երկու ակտիվիստները վարչական տույժի կենթարկվեն և 3 ժամից ազատ կարձակվեն’