ԱՄՆ-ում կարծում են, որ Լուկաշենկոյի սահմանադրությունը «ազատ է արձակում Պուտինի ձեռքերը»

417

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություններ է հայտնել, թե Բելառուսի սահմանադրության մեջ լրացումները Ռուսաստանին հնարավորություն կտան այնտեղ տեղակայելու իր զորքերը և միջուկային օբյեկտները, հունվարի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է պետաքրտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա։

Պետքարտուղարությունը նաև անդրադարձել է ռուսաստանյան զորքերի տեղակայմանը Բելառուսի տարածքում։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ «համատեղ զորավարժությունների» անվան տակ Ռուսաստանը կարող է հարձակում գործել Ուկրաինայի վրա հյուսիսային ուղղությամբ։

ԱՄՆ-ում նաև այն կարծիքի են, որ Վլադիմիր Պուտինն օգտվում է «Լուկաշենկոյի խոցելիությունից», որն «ավելի ու ավելի հաճախ է ցույց տալիս, որ պատրաստ է ամեն ինչ հանձնել՝ իշխանության ղեկին մնալու դիմաց»։

«Այդ ամենը վկայում է, որ Լուկաշենկոյի դիրքերը թուլացել են, հնարավոր է՝ անվերադարձ»,- ամփոփել է բանախոսը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հայտարարություններն «անհեթեթություն» է անվանել։

«Երբ լսում ես ամերիկյան պաշտոնական անձանց հայտարարությունները, կարելի է կասկածել ԱՄՆ-ի կրթական գործընթացի որակի հարցում, որովհետև դա կամ իրականությունը չհասկանալ է նշանակում, կամ փաստերի չիմացություն։ Կամ էլ` փաստերի հիման վրա ինչ-որ վերլուծական եզրակացության հանգելու անկարողություն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բելառուսում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է փետրվարի 27-ին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան կարող է զինվորականներ ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ
Հաջորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը՝ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն