ԱՄՆ-ում ձերբակալվել է «Նովատեկի» փոխնախագահը

416

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է «Նովատեկ» ռուսաստանյան գազային ընկերության վարչության փոխնախագահ Մարկ Էնթոնի Ջիթվեյը, նրան հարկերից խուսափելու մեղադրանք է ներկայացվել։

2019 թ․ Ջիթվեյը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, սակայն պահպանել է նաև ԱՄՆ քաղաքացիությունը։

«Նովատեկը» նավթահանության ծավալով երկրորդ խոշոր գազային ընկերությունն է «Գազպրոմից» հետո, այն արտադրում է ռուսաստանյան գազի մոտավորապես 10 %-ը, ընկերության ղեկավարը Ռուսաստանում ամենաազդեցիկ գործարարներից մեկն է՝ Լեոնիդ Միխելսոնը։ Ջիթվեյը ընկերության վարչության փոխնախագահի պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականից, իսկ Ռուսաստան է եկել դեռ 1995-ին։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 2005-2016 թթ․ Ջիթվեյը ԱՄՆ իշխանություններից թաքցրել է իր  միլիոնավոր դոլարի եկամուտներն ու սեփականությունները, այդ թվում՝ օֆշորային ընկերություններում։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ շվեյցարական բանկերում նրա հաշվեհամարներից մեկում պահվում է առնվազն 93 մլն դոլար։ Արդարադատության նախարարության հաղորդման համաձայն՝ Ջիթվեյը հարկերից խուսափելու համար զանազան սխեմաներ է օգտագործել, այդ թվում՝ իր ակտիվները գրանցել է այն ժամանակ իր կնոջ՝ Ռուսաստանի քաղաքացուհու անունով։

ТАСС գործակալությունը, հղում անելով Ֆլորիդայի դատարանի էլեկտրոնային բազային, նշում է, որ իշխանությունները պահանջում են Ջիթվեյի համար նշանակել գրավ՝ 80 մլն դոլարի չափով։ Եթե մեղավոր ճանաչվի, ապա նրան սպասվում է երկար տարիների ազատազրկում․ միայն խարդախության մի դրվագով պատիժը 20 տարվա ազատազրկում է։

Ըստ Reuters-ի՝ «Նովատեկ» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Ջիթվեյի ձերբակալությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕլիմպիական չեմպիոնը 4 տարով որակազրկվել է դոպինգի համար
Հաջորդ հոդվածըՍեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի լռության րոպե