‘ԱՄՆ-ում միանշանակ չի ընդունվել Օբամայի որոշումն Իրաքի վերաբերյալ’

920

Բարաք Օբամայի որոշումը՝ 300 ռազմական խորհրդական Իրաք ուղարկելու վերաբերյալ՝ ոչ միանշանակ արձագանքի է արժանացել ամերիկացիների շրջանում:

Հանրապետականները ԱՄՆ նախագահին մեղադրել են թուլամորթության մեջ, մինչդեռ վերլուծաբաններից և արտաքին քաղաքականության մասնագետներից շատերը նման մոտեցումը համարել են «կշռադատված և հեռատես»:

«Դա ցույց է տալիս մեր պատրաստակամությունը՝ քննարկելու հավանական ռազմական գործողությունները, և վստահություն է ներշնչում նրանց, ովքեր ԱՄՆ-ից ակնկալում են հետագա քայլեր, մասնավորապես՝ ուժի կիրառում: Դա մեզ հնարավորություն է տալիս գործի դնել քաղաքական լծակներ, որոնք, ըստ իս՝ անհրաժեշտ են»,- համոզված է Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Զալմայ Հալիլզադը:

«Անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ բարոյական և նյութական աջակցություն ցույց տալ Իրաքի կառավարությանը՝ երկրի համար այս ծանր շրջանում: Իմ կարծիքով՝ այժմ կարևոր է կասեցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացումը և վերադարձնել նրանց գրաված տարածքները»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն:

Իրաքում պատերազմ սկսելուց 11 տարի անց ամերիկացիները չեն ցանկանում մտնել նոր հակամարտության մեջ: Վերջին հարցումները ցույց են տվել, որ Օբամայի արտաքին քաղաքականությունն այսօր պաշտպանում է ԱՄՆ բնակչության ընդամենը 37 %-ը:

«Ամերիկացիները կտրականապես դեմ են ԱՄՆ ցանկացած միջամտության Իրաքի հակամարտությանը: Այդ դիրքորոշումն Օբամային թույլ է տվել զբաղեցնել նախագահի պաշտոնը, և իրաքյան խնդրի նրա լուծման տարբերակն առայժմ արտացոլում է այդ դիրքորոշումը: Ճիշտն ասած՝ ինչ էլ նա անի, Իրաքի խնդիրները չեն վերանալու կամ էլ ավելի չեն վատանալու»,- կարծում են ամերիկացիները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Լիբանանին խորհուրդ է տալիս ընդունել Սիրիայից բոլոր փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Կոստա Ռիկան ապահովեց իր տեղը փլեյ-oֆֆ փուլում (տեսանյութ)’