‘ԱՄՆ-ում մրցանակ են շնորհել գիտության ոլորտում կասկածելի նվաճումների համար’

1167

Ամենամյա մրցանակի դափնեկիր են դարձել մի խումբ ռուսաստանցի գիտնականներ՝ Իգոր Պետրովի գլխավորությամբ, որոնք հայտնագործել են  չգործածված պայթուցիկը  մանր ալմաստի վերածելու տեխնոլոգիան: Այս տարի Հականոբելյան մրցանակակիրների ցանկում են հայտնվել հոլանդացի գիտնականները, որոնք պարզել են, թե ինչու է Էյֆելյան աշտարակն ավելի ցածր երևում, երբ նրան նայում ես գլուխդ ձախ  թեքած: Ամերիկացի նեյրոֆիզիկոսները մրցանակի են արժանացել մի այնպիսի սարք ստեղծելու համար, որը թույլ է տալիս արձանագրել սատկած ձկան (սաղմոնի) ուղեղի գործունեությունը:

2012թ. մյուս մրցանակակիրներն աչքի են ընկել նրանով, որ, օրինակ, պարզել են քայլելիս սուրճը թափելու սկզբունքները  կամ հայտնաբերել են պոնիի պոչի մաթեմատիկական բանաձևը: Իսկ ճապոնացի գիտնականները սարք են հայտնագործել, որը թույլ է տալիս ընդհատել շատախոս մարդուն՝ ուղեղը ապակողմնորոշելու միջոցով: Գրականության ասպարեզում աչքի է ընկել ԱՄՆ հաշվիչ պալատի աշխատակիցը, որը կազմել է «Զեկույց զեկույցի մասին»:

Ամենակասկածելի գիտական նվաճումների համար Հականոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Հարվարդի համալսարանում:

Հականոբելյան մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին: 1999 թվականից ամեն տարի հանձնվում է 10 մրցանակ ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, տնտեսագիտության ասպարեզներում:

Լուսանկարում՝ Հականոբելյան մրցանակի պաշտոնական լոգոն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիան հրաժարվել է Կատալոնիային հարկային անկախություն տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Հ.Քլինթոնի շնորհավորանքը Հայաստանի Անկախության տոնի առթիվ’