‘ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիև-Քերի հանդիպման արդյունքներով’

1844

Նյուպորտում երեկ երեկոյան կայացավ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ԱՄՆ պետդեպը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է (թարգմանությունը՝ iLur.am-ի).

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը քննարկելու համար պետքարտուղար Քերին Ուելսում՝ ՆԱՏՕ-ի Նյուպորտում ընթացող գագաթնաժողովի ժամանակ, այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետքարտուղարը իր խորը մտահոգությունն է արտահայտել շփման գծում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որոնք 1994թ. զինադադարից հետո առաջինն էին, որ ուղեկցվեցին այդչափ զոհերով:

Միացյալ Նահանգները համարում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը խաղաղություն եւ բարգավաճում կբերի երկու երկրների ժողովուրդներին եւ կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը:

Հաշվի առնելով այդ նպատակները՝ պետքարուղար Քերին կոչ է արել նախագահներին խստորեն հետեւել հրադադարին եւ հավելյալ միջոցներ կիրառել իրենց հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար:

Պետքարտուղար Քերին կոչ է արել նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստակամ են օժանդակել կողմերին՝ կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու հարցում:

Նա նաեւ ողջունել է նախագահներին՝ կարգավորման առանցքային կետերի շուրջ բանակցությունները շարունակելու համաձայնության համար:

Նա կոչ արեց կողմերին ավելի ակտիվ ներգրավվել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո գտնվող բանակցային ձևաչափում, ինչպես առաջարկել էր ԵԱՀԿ շվեյցարացի գործող  նախագահողը:

«Կայուն գործընթացն անհրաժեշտ է կողմերի միջեւ վստահությունը բարձրացնելու եւ ամուր խաղաղության այն պահը ստեղծելու համար, որին արժանի է տարածաշրջանի ժողովուրդը»,-ասված է հայտարարության մեջ:  

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Սարգսյան-Ալիև բանակցությունները հաջող են անցել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկայնը հանդիպել է չինացի հայտնի գործարարների հետ’