‘ԱՄՆ պետդեպ. Ռուսաստանի հետ սկսվող նոր սառը պատերազմի մասին չի խոսվում’

1203

ԱՄՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ՝ փորձելով նրանց համոզել միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դենիել Ֆրիդը:

Ֆրիդը դեռեւս չի ցանկանում նշել, թե Պեկինը, Սեուլը եւ Սինգապուրը ինչպես են արձագանքել այս առաջարկին, սակայն, ակնհայտ է, որ սակցիաների այս պատերազմում ամենախոշոր խաղացողը կլինի Չինաստանը, որը հետեւողականորեն եւ արագ տեմպերով ավելի է զարգացնում իր տնտեսությունը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի  առճակատման հարցում հիմնականում շահում է Չինաստանը: ՉԺՀ-ն այժմ աջակցում է Ռուսաստանին, սակայն չի բացառվում, որ հակառակ կողմից հստակ առաջարկների դեպքում կփոխի իր դիրքորոշումը:

ԱՄՆ-ն կարող է խաղալ Չինաստանի՝ ամենաազդեցիկ ուժը դառնալու ցանկության հետ: Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին գիտակցում է Չինաստանի կողմից գերիշխանության ձեռքբերման վտանգավոր կողմերը՝ միջազգային ճգնաժամի պայմաններում: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը Պեկինի հետ հարաբերություններում ստիպված կլինի գնալ փոխզիջման, որպեսզի Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները հասնեն արդյունքների:

Ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաեւ Եվրամիությունը փորձում են ազդել այլ երկրների վրա, որպեզի անգամ չաջակցելու դեպքում չխանգարեն իրենց գործողություններին: Մամուլը տեղեկություններ է հրապարել նաեւ այն մասին, որ Բրյուսելը պատրաստվում է բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի երկրների հետ՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու հարցով:

Պատասխանելով այն հարցին, թե բացի ԱՄՆ-ից եւ իր ամենամոտ գործընկեր Եվրամիությունից, ո՞ր երկրներն են պատրաստվում մասնակցել սանկցիաներին, Դենիել Ֆրիդը նշել է՝ Նորվեգիան եւ Շվեյցարիան: Նրա խոսքով՝ այդ երկրները, չլինելով Եվրամիության անդամ, «որպես կանոն աջակցում են ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին» եւ «այս դեպքում նույնպես անում են դա»: Ֆրիդը ընդգծել է նաեւ, որ Հարավային Կորեայի, Սինգապուրի եւ Չինաստանի հետ բանակցությունները կշարունակվեն:  

Ֆրիդը, սակայն, չկարողացավ հստակեցնել, թե կիրառվող պատժամիջոցները ինչպիսի վնաս կհասցնեն Ռուսաստանին՝ նշելով, որ այդպիսի հարցերը դժվար է քանակապես գնահատել:

Պետդեպի ներկայացուցիչը, նկարագրելով ԱՄՆ-ի տեսակետը գործող սանկցիաների վերաբերյալ, նշել է, որ խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ սկսվող նոր սառը պատերազմի մասին է, այլ դա համարժեք պատասխան է ՌԴ-ի կողմից վարվող քաղաքականությանը՝ Ուկրաինայի հարցով: «Ցավում եմ, որ գործը հասավ պատժամիջոցներ կիրառելուն: Ռուսաստանը հզոր երկիր է հզոր մշակույթով եւ մեծ ինտելեկտուալ կապիտալով, եւ 21-րդ դարում նա կարող էր լինել բարության ամենամեծ ուժերից մեկը: Այն, ինչ այժմ տեղի է ունենում, իսկական աղետ է»,- նշել է Ֆրիդը՝ հույս հայտնելով, որ մի հիասքանչ օր ռուսները, այնուամենայնիվ, կհասկանան ներկայիս իշխանությունների կործանարար քաղաքականության հետեւանքերը, ինչից հետո ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները կդառնան ավելի կառուցողական:

Իր խոսքի վերջում Ֆրիդը հավելել է, որ հաշվի չառնելով սանկցիաները՝ Ռուսաստանը շարունակում է զորքերի եւ զենք-զինամթերքի տրամադրումը Արեւելյան Ուկրաինային: «Այս պարագայում պատժամիջոցները չեն կարող անհապաղ լուծել բոլոր խնդիրները, սակայն հնարավոր է, որ ստիպեն ռուսական իշխանություններին` մտածել հարեւան երկրում իրավիճակի կարգավորման տարբերակների մասին»,- նշել է նա:

Հայտնում է Newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական աշնան նախամուտը’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայի առաջին տիկինը դավաճանել է ամուսնուն (ֆոտո, տեսանյութ)’