‘ԱՄՆ պետքարտուղարություն. Հայաստանը թմրանյութ արտադրող առաջատար երկիր չէ ‘

852

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Թմրանյութերի միջազգային վերահսկողության ռազմավարություն 2015» իր ամենամյա զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի առաջատար երկրների ջանքերին՝ ուղղված թմրանյութերի առևտրի դեմ պայքարին, փոխանցում է CivilNet-ը:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում ասված է, որ Հայաստանը թմրանյութեր արտադրող առաջատար երկիր չէ, և երկրում անօրինական թմրանյութերի սպառման մակարդակը համեստ է: Զեկույցի հեղինակները դա պայմանավորել են Հայաստանի շրջափակված լինելու և չորս սահմաններից երկուսի (Թուրքիայի և Ադրբեջանի հետ) փակ լինելու հանգամանքով:

«ԱՄՆ-ի և Եվրամիության օժանդակությամբ Հայաստանը շարունակում է զարգացնել և իրագործել սահմանային վերահսկողության ռեժիմը՝ ուժեղացնելով անօրինական թմրանյութերի տարանցման հայտնաբերման իր կարողությունները»,- գրել են զեկույցի հեղինակները և հավելել, որ ԱՄՆ-ի աջակցությամբ անցկացված վարժանքների և սարքավորումների օգնությամբ էր, որ 2014թ. հայ-իրանական սահմանին հնարավոր էր դարձել 927 կգ հերոինի պատմական հայտնաբերումը: Դա, ըստ Պետքարտուղարության, վկայում է, որ տարածաշրջանը դարձել է հերոինի տարանցման կենսական ճանապարհ:

Հայաստանում ամենաշատ օգտագործվող անօրինական թմրամիջոցը, ըստ Պետքարտուղարության, մարիխուանան է, որի մեծ մասն աճեցվում է երկրի ներսում:

 

Նախորդ հոդվածը‘100-ամյակի առիթով ՀՀ կայցելի շվեցարական խորհրդարանական պատվիրակությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ’