‘Ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է’

1738

Ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է

Շատերի կարծիքով՝ ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից է, ուստի դրան պետք է լրջորեն վերաբերվել: Սակայն այդպես են մտածում ամենևին ոչ բոլորը, դրա համար էլ բավական անսպասելի ու տարօրինակ կյանքի ուղեկից են ընտրում:

Հնդկաստանում, օրինակ, ավանդաբար՝ ամուսնությունները կայացնում են երիտասարդների ծնողները, և հաճախ ավագ սերնդի ճաշակը զարմանք է հարուցում: Պետք է պատկերացնել, թե ինչ է զգացել 18-ամյա Մանգլի Մունդուն, երբ նրան ստիպել են ամուսնանալ փողոցային շան հետ: Այդ գյուղի բնակիչներն անկեղծորեն հավատում են, որ «շնային» հարսանիքի ծիսակատարությունն իրենց բնակավայրը կազատի չար ուժերի ազդեցությունից:

2007 թ. 18-ամյա Սելվա Կումարն ամուսնացել էր 10-ամյա շան հետ՝ հավատալով, որ այդպիսով կբուժվի բազում հիվանդություններից: 18 տարեկանում տղան կաթված էր ստացել, որից ձեռքերն ու ոտքերը թուլացել էին, և մի ականջը խլացել էր: Տեղի աստղագուշակը Կումարի հիվանդությունը կապել էր այն բանի հետ, որ մանուկ հասակում տղան դաժանորեն երկու շան էր սպանել: Անեծքից ազատվելու համար նա պետք է անհապաղ ամուսնանար շան հետ, ինչը և արել էր: Արարքի բուժական հետևանքների մասին, ցավոք, չի հաղորդվում:

Իսկ իննամյա հնդկուհուն շան հետ էին ամուսնացրել ավելորդ ատամի պատճառով: Լնդից դուրս ցցված «սխալ» ատամն այնքան վատ նախանշան էր համարվել, որ աղջնակի սարսափելի կարման կարելի էր ուղղել միայն նրան շան հետ ամուսնացնելով:

Ինչևէ, այս ծեսերը չեն խանգարում «նորապսակներին»՝ հետագայում ամուսնանալու ամենասովորական մարդկանց հետ:

2012 թ. հնդկական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հայտնի դերասանուհի Այշվարի Ռայը, «աչքից» ազատվելու նպատակով, ստիպված է եղել ամուսնանալ… ծառի հետ: Որոշ ժամանակ անց Ռայը հերքեց այդ լուրը: Սակայն, ինչպես ասում են՝ առանց կրակի՝ ծուխ չի լինում: Նման ավանդույթ հնդիկներն իրոք ունեն: Երբ աստաղագուշակը աղջկան կամ պատանուն ասում է, որ ամուսնության մեջ նրան դժբախտություն է սպասվում, օրինակ՝ կողակցի մահ, երիտասարդներն ամուսնանում են ծառի հետ, որպեսզի նախանշանը տեղափոխի դրա վրա: Հետո ծառը կտրում են և համարձակ ամուսնանում նրա հետ, ում հետ որ ուզում էին:

Ի դեպ, ծառի հետ ամուսնանալն ամենևին էլ զուտ հնդկական զվարճանք չէ: 2013 թ. Արգենտինայում դերասան և իրավապաշտպան Ռիչարդ Տոռեսը նույնպես ամուսնացել է ծառի հետ: Արարողության ժամանակ նա համբուրել է «հարսնացուին» ու նույնիսկ ջանացել նրան ծաղկեփունջ նվիրել: Հետագայում Տոռեսն իր անսովոր արարքը բացատրել էր հանրության ուշադրությունը բնապահպանական հարցերի վրա հարվիրելու ցանկությամբ:

Շատ հաճախ ոչ ավանդական ամուսնությունները ուշադրություն գրավելու ցանկությամբ են կատարվում: ԶԼՄ-ներում բազմիցս գրվել են ձիերի, այծերի, օձերի, կատուների ու նույնիսկ դելֆինների հետ ամուսնությունների մասին: Սակայն նաև պատահում են ոչ ավանդական ամուսնություններ՝ սիրո հողի վրա: Այսպես, 2013 թ. հայտնի մոդելիեր Կառլ Լագերֆելդը հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ իր պաշտելի Շուպետ կատվի հետ: Բանը դրան չհասավ, սակայն հայտնի է, որ իր տնային կենդանու վրա Լագերֆելդը տասնյակ անգամ ավելի փող է ծախսում, քան շատ մարդիկ՝ իրենց «մարդ» կողակիցների վրա:

Սիրո ուղիներն անիմանալի են. Մելբուրնի մի բնակիչ անակնկալ կերպով ամուսնացել էր սեփական հեռուստացույցի հետ, իսկ Հարավային Կորեայից մեկը՝ իր բարձի:

Փենսիլվանցի Էմի Վոլֆը 2009 թ. ամուսնացել էր 1001 Nacht  (ամերիկյան բլրակների նման) ատրակցիոնի հետ. եկեղեցու գործազուրկ երգեհոնահարուհին խոստովանել է, որ արդեն 10 տարուց ավելի է՝ խենթացած է այդ ատրակցիոնով և ավելի քան երեք հազար անգամ պտտվել է դրանով: Մեկ ուրիշ ամերիկուհի՝ Էրիկա Էյֆելը (օրիորդական ազգանունը՝ ԼաԲրի) 2007 թ. ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ: Հետագայում նա խոստովանել էր, որ նախկինում նման համակրանք է տածել Բեռլինյան պատի նկատմամբ:

«Քանի դեռ մահը չի բաժանել» ամուսնական երդմանը հակառակ՝ Թաիլանդի 28-ամյա բնակիչը որոշել էր  չեղյալ չհայտարարել հարսանիքը և ամուսնացել էր հարսանիքից մի քանի օր առաջ ավտովթարից  զոհված իր հարսնացուի հետ: Այդպիսով՝ նա միաժամանակ դարձել էր թե՛ ամուսին և թե՛ այրի:

Ըստ lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘Քեսապահայերին Հայաստանի անձնագրեր են հանձնվել ‘
Հաջորդ հոդվածը‘Բարսելոնայում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ զբոսաշրջիկների անկարգությունների’