‘Ամփոփվել են ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի արդյունքները’

1133

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) երեկ տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովով ամփոփեց Ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրեց Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը: Ինչպես iLur.am-ին հայտնում են ԿԱԲԾ հանրային կապերի բաժնից, միջոցառմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Ողջունելով ծրագրի ղեկավարներին և հյուրերին՝ Ասատրյանը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ՄԶԳ-ին ՀՀ կառավարության հետ շուրջ 20-ամյա համագործակցության համար: Մեր համատեղ իրականացրած ծրագրերը բխել են ՀՀ կառավարության առաջնահերթություններից, առնչվել են աշխատաշուկային, կենսաթոշակային բարեփոխումներին: Վստահ եմ, որ մեր շարունակական համագործակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակներին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն էր աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը և բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը: Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարից:

Նախորդ հոդվածը‘Google-ը հրաժարվում է հեռացնել Youtube-ից «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Ինչի մասին է հակաիսլամական ֆիլմը: Հարցեր և պատասխաններ’