‘Այդպես կարող է վարվել ճանապարհի ավազակը’

1813

Տեղյակ մի քանի աղբյուրներից փորձեցինք պարզել՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանվե՞լ է։ Բոլորը միաբերան ու վստահ ասացին՝ ո՛չ։ Իսկ նրանցից մեկը թե՝ «Սաակաշվիլին, ինչ էլ որ լինի, իր ժողովրդի նկատմամբ նման ոճրագործության չէր դիմի»։ Այս վերջին պատասխանն առաջին հայացքից չափազանց խիստ ու անհամարժեք է թվում հարցադրմանը։

Մինչեւ 1998թ. Հայաստանում ընտրութուններից որեւէ մեկում ընտրակաշառքի թեկուզ մեկ դեպք չի եղել։ Սա փաստ է։ Բացեք մինչ այդ ամբողջ ընդդիմադիր մամուլը, եւ չեք գտնի ընտրակաշառք բառը՝ ընտրողին նրա ձայնի դիմաց առձեռն դրամ տալու նշանակությամբ։ Ընտրակաշառքը հայ քաղաքական կյանքում քոչարյանական ռեժիմի նորամուծությունն է։ Որպես ընտրախախտումների զինանոցի միջոց՝ ընտրակաշառքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վարչական ռեսուրսը, ընտրախախտումների մյուս միջոցները չեն բավարարի իշխանության վերարտադրմանը։ Այսինքն՝ նրա օգտագործման չափը հակադարձ համեմատական է իշխանության ինքնավստահության աստիճանին։ Օգտագործման ծավալով այն ամենամեծ չափով կիրառվեց վերջին՝ 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում. մասնագիտական հաշվարկներով՝ մոտ 100 միլիոն դոլար։

Կաշառք վերցնելը քրեական հանցագործություն է, կաշառք տալը՝ նույնպես։ 2012թ. մայիսի 6-ին, մեկ օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կաշառքի՝ նվազագույնը մեկ միլիոն դեպք։ Կաշառքի՝ որպես քրեական հանցագործության դեմ պետք է պայքարեն պետական իրավապահ մարմինները։ Սրանք ոչ միայն ոչինչ չեն արել այդ դեպքերը կանխելու կամ հայտնաբերելու ուղղությամբ, այլև իրենք էլ ամբողջությամբ ներգրավված են եղել դրա մեջ՝ կա՛մ որպես մասնակից, կա՛մ որպես երաշխավոր։ Հայաստանի՝ գործնականում ողջ չափահաս բնակչությունը մասնակից կամ տեղյակ է եղել պետականորեն հովանավորվող ու իրականացվող այս հանցագործությանը։

Հայտնի է, որ աշխարհի երկրներում ընտրություններին մասնակցում է ընտրողների մոտավորապես կեսը՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս։ Այդ կեսն է, որ իր այսօրն ու վաղը կապում է իշխանության բնույթի ու հատկանիշների հետ եւ շահագրգռություն ցուցաբերում այն ձեւավորելու հարցում։ Դա յուրաքանչյուր հասարակության էլիտար մասն է։ Մյուս կեսը, անկախ ամեն տեսակի աղմկոտ ընտրարշավներից, անհաղորդ է մնում ընտրական գործընթացներին ու չի կարողանում իր կյանքի որակը կապել իշխանության որակի հետ։ Անտարբեր այս կեսի մեջ է նաեւ հասարակության տականքը։ Ընտրակաշառքի հիմնական թիրախը հենց այս կեսն է։ Ընտրակաշառքն ամեն ինչ շուռ է տալիս գլխիվայր եւ հասարակության անտարբեր մասն ու բարոյազուրկ տականքը դարձնում երկրի իշխանության հարցը որոշող քաղաքական էլիտա։

Հիմա, այս ամենից հետո ուզում եք, որ Հայաստանում նորմալ որեւէ մեկի մեջ հարգանքի ու հավատի զգացո՞ւմ մնա պետական իշխանության, իրավապահ մարմինների նկատմամբ։

Սրանից հետո ուզում եք, որ որեւէ մեկը շարունակի արժե՞ք համարել անկախ ազգային պետականությունը։

Սրանից հետո ուզում եք, որ որեւէ մեկն իրեն պաշտպանվա՞ծ զգա օրենքով։

Եւ ուզում եք, որ դրանից հետո մարդը չմտածի՞ օր առաջ ճամպրուկները կապելու մասին։

Որեւէ մեկը կարո՞ղ է հուշել պետականության կազմաքանդման, փլուզման ավելի արդյունավետ միջոց։

Ուրեմն՝ ի՞նչ է ընտրակաշառքը, եթե ոչ քաղաքացուն բարոյապես սպանելու մի գործիք,  ծանրագույն ոճրագործություն սեփական ժողովրդի հանդեպ։ Շատ ավելի ծանր, քան դա մեր նկատմամբ արել է օտար որեւէ տիրապետող։ Ուրեմն եւ հասկանալի է, որ դա սեփական ժողովրդի նկատմամբ չէր կարող թույլ տալ ոչ միայն Սաակաշվիլին։ Նողկալի այսպիսի արարքը սեփական ժողովրդի հանդեպ հազիվ թե իրեն թույլ է տվել որեւէ բռնապետ։ Թեկուզ՝ ամենադաժան։ Ավելի լավ է մարդուց նրա ձայնը խլես մահվան սպառնալիքով՝ առանց խաթարելու նրա բարոյական նկարագիրը, քան ընտրակաշառքով։ Այդ կերպ կարող է վարվել միայն ազգային որեւէ զգացումից զուրկ, ամեն ինչի նկատմամբ անհաղորդ ավազակապետական իշխանությունը, ճանապարհի ավազակը։

Հ.Գ. Վերջին օրերին 40 վայրկյանանոց մի տեսաերիզ է շրջում սոցցանցերում, որը ցուցադրում է Ս.Սարգսյանի եւ Սաակաշվիլիի հանդիպումները Հռոմի պապի եւ սեփական կաթողիկոսների հետ։ Տեսաերիզը ցուցադրում է Սաակաշվիլիի ազգային արժանապատվությունը, և Ս. Սարգսյանի՝ այդ որակից զուրկ լինելը։ Վրացիները չհավանեցին ազգային արժանապատվությունը պահող ու Ս. Սարգսյանին բազմակի գերազանցող իրենց նախագահին ու նրանից ետ վերցրին իշխանությունը։ Եւ նա դա հանձնեց արժանապատվորեն։

Արսեն Մինասյան 

Նախորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’
Հաջորդ հոդվածը‘ Բեքհեմն ու Էրիկսոնը դատի են տվել Daily Mirror-ին’