‘Այդ դրամատիկական պահերով հարուստ ֆուտբոլը…’

1274

Արդեն բոլորս համոզվել ենք, որ Աշխարհի առաջնությունը դրամատիկական պահերի համար ամենահարմար վայրն է, առանց դրա ֆուտբոլը չի կարող գոյություն ունենալ: Հիշենք դրանցից ամենահիշարժաններն ու տպավորիչները:

 
Հունիսի 26-ին Ուրուգվայի հարձակվող Սուարեսը ծայրահեղ  խստագույն պատժի է արժանացել Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար: ՖԻՖԱ-ն հաշվի է առել այն հանգամանքը, որ Սուարեսը առաջին անգամ չէ, որ կատարում է այդ քայլը: Այսպիսով, տաղանդաշատ և երկրպագուների բազմահազարանոց բանակ ունեցող այս ֆուտբոլիստը տուգանվել է 100 000 շվեյցարական ֆրանկ: Բայց սա դեռ ամենը չէ. Սուարեսին չորս ամիս արգելված է ֆուտբոլային ցանկացած գործունեությամբ զբաղվել, նա իրավունք չունի այցելելու մարզադաշտեր,  իսկ ամենակարևորը՝ որակազրկվել է և 9 խաղ ազգային հավաքականի կազմում չի կարող մասնակցել աշխարհի առաջնություններին: Այս վերջին կետը նշանակում է, որ  ֆուտբոլիստը կարող է այլևս երբեք չխաղալ աշխարհի առաջնություններում: Ամեն ինչ պարզ է ու հասարակ: 2014 թվականի աշխարհի առաջնությանը, եթե Ուրուգվայի հավաքականը հասնի կիսաեզրափակիչ, առավելագույնը կարող է անցկացնել 4 հանդիպում: Եվս 5 խաղ 2018 թվականի աշխարհի առաջնությունում` կրկին կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում: Համաձայնեք, որ այսպիսի ելքը հնարավոր է, բայց անհավանական: Իսկ  2022 թ. տաղանդավոր, բայց փոքր-ինչ անզուսպ ֆուտբոլիստը կլինի արդեն 35  տարեկան…  Ցավալի է անգամ մտածելը, որ ՖԻՖԱ-ն գրչի մի հարվածով ֆուտբոլասերներին զրկում է այս խոստումնալից ֆուտբոլիստից: Ֆուտբոլը իր գրավչությամբ, լարվածությամբ, հուզումնառատ պահերով ինչպես երկրպագուների, այնպես էլ իրենց՝ ֆուտբոլիստների մեջ երբեմն անզուսպ ցանկություններ է առաջացնում: Ով չգիտի, թե խաղի ընթացքում մեկ այլ ֆուտբոլիստի միտումնավոր արարքի պատճառով քանի քանիսն են վնասվածք ստացել:  Ու եթե բոլորի հետ նույնպիսի խստությամբ վարվեին, գուցեև մեր ֆուտբոլը չունենար այսоրվա ֆուտբոլային շատ աստղերի, որոնց խաղն ուղղակի հիացնում ու գրավում է: Իհարկե, կարելի է պատժել՝ որակազրկելով մեկ կամ երկու խաղով, դրամական տուգանքով, բայց այսպիսի պատիժը ուղղակի անհասկանալի ու  անընդունելի է և  նման է մարդուն ոչնչացնելուն: Բոլոր երկրպագուներն էլ կրկնակի ցավ են զգում, մանավանդ, որ այդ տաղանդաշատ ֆուտբոլիստի համար ֆուտբոլը կյանք է… Մինչ Սուարեսը և Ուրուգվայի հավաքականը փորձում են դուրս գալ այս ծանր հարվածի տակից՝ փորձելով բողոքարկել այս խիստ որոշումը և հուսալ, որ  ֆուտբոլային ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա ստեղծված իրավիճակին, հիշենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների այլ դրամատիկական պահերը:  

Լուիս Սուարեսը տոնում է հերթական գոլը:

1986թ. Աստծո ձեռքը

1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Արգենտինա-Անգլիա հանդիպման ժամանակ  Դիեգո Մարադոնայի խփած երկու նշանավոր գոլի մասին գիտեն բոլորը: Սակայն, եթե երկրորդ գնդակը իսկապես արժանի է XX  դարի լավագույն գոլը համարվելուն, ապա արգենտինյան հանճարի առաջին գոլը դարձավ այդ ժամանակների ֆուտբոլային ամենամեծ սկանդալը: Խաբս տալով Անգլիայի հավաքականի դարպասապահին երկրորդ հարկում, Մարադոնան ձեռքերի մատների оգնությամբ գնդակն ուղարկեց դարպասը: Այս գոլը շրջեց քառորդ եզրափակչի ընթացքը և նոր լիցք հաղորդեց արգենտինացիներին՝ հաջողության հասնելու ճանապարհին: Խաղից հետո, Մարադոնան բոլորովին չզղջալով,  իր ձեռքը  համարեց «Աստծո ձեռք»:  

Մարադոնայի՝ Աստծո ձեռքը:

1994թ. Ճակատագրական բացթողում

Ամերիկայի աշխարհի առաջնությանը Ռոբերտո Բաջոն՝ «Սկուադրա աձուրա»-ի  ենթահարձակվող դարձավ Իտալիայի հավաքականի մրցաշարային աղյուսակում առաջընթացի գլխավոր գործոնը: Խմբային փուլից Իտալիան դուրս եկավ առանց իր  «աստվածային պոչիկի» оգնության: Սակայն, արդեն  1/8 եզրափակչից սկսած` Բաջոն սկսեց իրեն խաղից խաղ ավելի լավ դրսևորել: Երկու գնդակ Նիգերիայի  դարպասը, ընդ որում` դրանցից մեկը խաղավարտից մեկ րոպե առաջ, մյուսը՝ լրացուցիչ ժամանակում, մեկ գոլ Իսպանիային՝ նույնպես խաղի վերջին վայրկայնին, ինչպես նաև  դուբլ՝  Բուլղարիայի դարպասում: Մի խոսքով, Բաջոն  գրեթե մենակ իր թիմին տարավ  եզրափակիչ: Բայց  այն մարդը, որն թիմն իր հետևից է տանում, երբեմն սխալվում է պատասխանատու պահին: Ռոբերտոյի հետ հենց դա էլ պատահեց. իտալացիները 120 րոպե բրազիլացիների հետ կենաց ու մահու պայքար մղեցին, և գործը հասավ 11 մետրանոց հարվածներին: Բաջոն, որ հինգերորդն էր, հարվածեց դարպասաձողից վերև, և Գավաթը հասավ բրազիլացիներին: Ի դեպ, Բաջոյի այս սխալին հայրենիքում ըմբռնումով մոտեցան: Իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հաջորդ աշխարհի առաջությունում գերազանց խաղով մասամբ քավեց իր մեղքը:

Բաջոյի ճակատագրական հարվածը:

1998. Խափանում անզսպության հետևանքով

Անգլիացիների և արգենտինացիների ևս մեկ հակամարտություն աշխարհի առաջնությունում: Մարադոնայի դուբլից 12 տարի անց, հիշարժան էր ֆուտբոլի հիմնադիրների ծագող աստղ Դևիդ Բեքհեմի սկանդալային հեռացումը խաղադաշտից՝ երկրորդ խաղակեսի սկզբին: Երբ խաղի հաշիվը 2:2 էր, անգլիացի կիսապաշտպանին մեջքից հրեց «Ատլետիկո»-ի այսоրվա մարզիչ Դիեգո Սիմյոնեն: Խոտածածկին մեջքի վրա պառկած Բեքհեմը չդիմացավ և ոտքով կպավ հակառակորդին: Արգենտինացին ընկավ. նա այդպիսին էր: Հանդիպման մրցավար Կիմ Միլտոն Նիլսեն, որը մի քանի մետր էր հեռու այս դրվագից, Բեքհեմին կարմիր քարտ ցույց տվեց: Անգլիացիները այդ խաղում պարտվեցին 11 մետրանոց հարվածներով: Սիմյոնեն հասավ իր ուզածին, իսկ ավել ուշ խոստովանեց, որ դա մտածված պրովակացիա էր: Իսկ ինքը՝ Բեքհեմը, վերադառնալով հայրենիք, դարձավ ժողովրդի թշնամին: Սկզբում նրան սուլում էին բոլորը, սակայն հաջող ելույթներից հետո այս դրվագը մոռացան:

 

Կարմիր քարտ Դևիդ Բեքհեմին:

2006. հրաժեշտի հարված գլխով

 Հազիվ թե Զինեդին Զիդանը և նրա հավաքականի ընկերները մտածեին, որ իր ֆուտբոլային կարիերայի վերջին խաղը Զիզուն մինչև վերջ չի խաղա: Գերմանական աշխարհի առաջնության` իտալացիների հետ եզրափակիչ խաղում «երեքգույնանիների» ավագը ամենալավն էր դաշտում, 11 մետրանոց հարված իրացրեց Բուֆոնի պաշտպանած դարպասում:  Բայց լրացուցիչ ժամանակի ավարտից  տասը րոպե առաջ ֆուտբոլիստը ենթարկվեց Մարկո Մատերացիի պրովոկացիային: Զիդանը չդիմացավ և գլխով հարվածեց Մատերացիի կրծքավանդակին: Գլխավոր մրցավար Оրասիո Էլիսոնդոն այդ պահը չնկատեց, բայց չորրորդ  մրցավարի հուշումից հետո նա դաշտից հեռացրեց Զիդանին: Ֆրանսիացիները պարտվեցին 11 մետրանոց հարվածներով, իսկ Աշխարհի գավաթը չհայտնվեց Զիդանի ձեռքում:

Կարմիր քարտ՝ Զիդանին:

2010. եվ կրկին ձեռքը

Հարավաֆրիկյան առաջնության ամենադրամատիկ պահը քառորդ եզրափակչում` Ուրուգվայի և Գանայի հավաքականների միջև տեղի ունեցած դրվագն էր: Հավաքականները իրենց հարաբերությունները պետք է պարզեին  11 մետրանոց հարվածներով, երբ լրացուցիչ ժամանակի վերջում աֆրիկացիները շատ վտանգավոր տուգանային հարվածի իրավունք ստացան, խառնաշփոթ ստեղծեցին հակառակորդի դարպասի մոտ: Այն մի քանի մետր հեռավորությունից ավարտվեց Դոմինիկ Ադիյայի հարվածով, որին  դարպասապահի նման արձագանքեց Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսը, ձեռքով հետ մղելով հարվածը: Գրեթե միաժամանակ հետևեցին կարմիր քարտն ու 11 մետրանոց հարվածի իրավունքը: Սակայն գանայացի Ասամոա Գյանի նյարդերը տեղի տվեցին: Այս խաղում 11 մետրանոց հարվածներով հաղթեցին ուրուգվայցիները: Իսկ Սուարեսը, որը հուսահատության պահին այդ քայլն էր կատարել, դարձավ իսկական հերոս:

Սուարեսը՝ դարպասապահ:

1994.  ատրճանակի  12 գնդակ՝ ինքնագոլի համար

Ոչ մեկն այս խաղային դրվագներից  ֆուտբոլիստի կարիերայի վրա այնպիսի ազդեցություն չի ունեցել, որքան Անդրես Էսկոբարի ինքնագոլը: Այն տեղի ունեցավ 1994 թվականի աշխարհի առաջնության Կոլումբիա-ԱՄՆ խաղի ժամանակ: Այդ չարագուշակ ինքնագոլի հետևանքով Կոլումբիան մեկնեց աշխարհի առաջնությունից՝ տապալելով այն: Դրանից տասը  оր անց, Էսկոբարը ընկերուհու հետ այյցելել էր Մեդելինայի սրճարաններից մեկը, որտեղ և հանդիպել էր թիկնապահ խելագար Ումբերտո Մունյոսին, որը ֆուտբոլիստի անհաջողությունը ընդունել էր որպես անձնական ողբերգություն: Նա ատրճանակի  12 գնդակ արձակեց Էսկոբարի վրա՝ յուրաքանչյուրի հետ գոռալով՝«գոլ»: Այս դեպքից 45 րոպե անց ֆուտբոլիստը մահացավ: Իսկ Մունյոսը, որը դատապարտվել էր  43 տարվա ազատազրկման, 2005 թվականին «լավ վարքի համար» վաղաժամ բանտից դուրս եկավ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ոստիկանի կողմից անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու առթիվ հարուցված քր. գործը’
Հաջորդ հոդվածը‘Մոնակոյի միլիարդատիրուհուն սպանել է «պատվավոր հյուպատոս» փեսան’