‘Այդ «նախաձեռնող» և «սիրառատ» Սերժ Սարգսյանը’

989

Սերժ Սարգսյանը ոչ միայն «նախաձեռնող», այլ նաև «սիրառատ» գործիչ է։ Նրա մոտ «սերը» առաջին հայացքից է լինում ու միանգամից։ Խոսքս, իհարկե, «քաղաքական սիրո» մասին է։

Սարգսյանը ում հանդիպում է, անմիջապես «սիրահարվում» է և «տրվում» մինչև վերջ՝ մինչև վարդապետի «խազը», իսկ «նվիրվելիս» էլ «նվիրվում» է ամբողջությամբ և ինքնամոռաց։

Այսպես, հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում Սերժ Սարգսյանի սիրելին Գյուլն էր։ Նա այնքան էր տարված հարևան երկրի նախագահի հետ «սիլի–բիլի» անելով ու դրսի ուժերի միջոցով սեփական աթոռի հարցը լուծելու խնդրով, որ Թուրքիայի նախագահին առաջարկեց օժանդակել Ղարաբաղի հարցում, ինչպես նաև առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանության հարցը։ Բախտներս բերեց, որ Ալիևն ուԷրդողանն այնքան ագահ և հիմար գտնվեցին, որ Սերժի «նախաձեռնողականությունը» տապալվեց։ Այլապես այսօր ԵՄ–ի հետ ասոցացվելու կամ Մաքսային միության մեջ մտնել–չմտնելու հարց չէր լինի՝ զուտ «տեխնիկական» պատճառներով։

Տապալումն այդ, սակայն, դաս չեղավ և չփոխեց Սերժ Սարգսյանի «սիրառատ» բնավորությունը։ Նա Օբամային տեսնելիս «թունդ ամերիկամետ» էր դառնում և Հայաստանը մտցնում ՆԱՏՕ, եվրոօլուխ Ֆյուլեի հետ հանդիպելիս Հայաստանը ասոցացնում էր ԵՄ–ի հետ և առևտրի առարկա դարձնում Ղարաբաղը, իսկ Պուտինին մոտիկից մի քանի րոպե տեսնելը բավարար եղավ, որպեսզի ԵՄ–ի հետ մոտ 4 տարի բանակցած Սերժը մեկ ակնթարթում դառնա Մաքսային միության «վկա»։

Սերժը հիմա «ռուսամետ» է դարձել և հավատարիմ մնալով իր՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնելու սկզբունքին՝ արդեն Մոսկվայի քաղաքապետին է շնորհավորում վերընտրվելու կապակցությամբ։ Այսպես որ գնա՝ վաղը Սերժը Վորկուտայի պաշտոնյաներին էլ կշնորհավորի, չհաշված՝ Սիկտիվկարը։

7or.am

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ-ի նախկին նախագահի դեմ դատավարությունը կսկսվի նոյեմբերի 14-ին’
Հաջորդ հոդվածը‘Երևանը` Եվրո — 2020-ի հավակնորդ քաղաքներից ‘