‘ Այլընտրանքային էներգիա՝ կանաչ տարածքների ոչնչացման հաշվին’

1718

«Հէկ-երի կառուցման հետևանքով մենք կունենաք  բնապահպանական լուրջ խմդիրներ, մասնավորապես՝ Չիչխան գետի վրա կառուցվող և Խաչաղբյուր-1 հէկ-երի տարածքում արդեն իսկ բացակայում են ձկնատեսակները, իսկ գետի թողքը չնչին է, ինչպես նաև հնարավոր չէ վերահսկել օգտագործվող ջրի քանակը, քանի որ հայտնի չէ, թե խողովակով որքան ջուր է հոսում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ նշելով, որ կառուցվող շուրջ 70 հէկ-երի նախագծումը ենթադրում է շրջակա միջավայրի անտառների ոչնչացում:

Բանախոսի տեղեկությամբ՝ ստեղծվել է հայ-նորվեգական հանձանաժողով՝ ուսումնասիրելու հէկ-երի գործունեության հետևանքով հնարավոր բնապահպանական խնդիրները, շահագործման նորմերի պահպանումը ու հէկ-երի կառուցման անհրաժեշտությունը:

«Փոքր հէկ-երի շահարկման շնորհիվ ստացված էլեկտրականության սակագինը սահմանվելու է 20 դրամ՝ նպատակ ունենալով շահագրգռել ներդրողներին՝ հետագայում կայուն եկամուտ ստանալու համար»,- ասել է նա:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նշել է, որ բազմաթիվ խախտումներ կան հէկ-ի սեփականաշնորհման գործընթացում:

«Որպես օրինակ՝ Շատին  գյուղի տարածքում փակել են գետի հունը և սկսել հէկ կառուցել՝ չունենալով հատուկ լիցենզիա: Դիմել ենք բնապահպանական գերատեսչություններ, պահանջել ենք ակտ կազմել՝  գետի հունը փոխելու վերաբերյալ, որի հետևանքով առկա է անապատացման վտանգ, սակայն ապարդյուն»:

Ենոքավանի բնակիչ Արթուր Ավագյանն էլ փաստել է, որ  գյուղում կառուցված Խաչաղբյուր-1 հէկ-ի շահագործման հետևանքով գետը ցամաքել է, ջուրը անցել է հատակը՝ առաջացնելով սողանքներ, բնակիչները զրկվել են ոռոգման ջրից, իսկ շրջակա միջավայրը աղետալի վիճակում է, անհետացել է կարմրախայտը, կրիայի տեսակներ, անհետացման եզրին են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բուսատեսակներ: Նրա փոխանցմամբ՝ կառուցվող Խաչաղբյուր-2 հէկ-ն  իր մեջ ընդգրկելու է երեք ջրվեժներ, այս հէկ-ի կառուցումն էլ հղի է բնապահպանական լուրջ աղետներով, ծառահատումներով ու շրջակա միջավայրի ոչնչացմամբ:

Ենոքավան և Գետահովիտ գյուղերի բնակիչների պնդմամբ՝ իրենք դեմ են հէկ-երի կառուցմանը, քանի որ ոչ միայն բնապահպանական աղետի սպառնալիք կա, այլև վտանգ, որ բնակիչների տները կքանդվեն սողանքների ու փլուզումների հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում 16 մարդ մահացու թունավորում է ստացել կեղծ ոգելից խմիչքներից’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’