‘Այլընտրանքային ու ստվերային խեղկատակություն’

1886

Տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում «կեղծիքադուլի» նստած Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ տարբեր ֆորմատներով շարունակվում են ինչ-որ գործընթացներ, որոնք հասարակական ակտիվ շրջանակները փորձում են վերլուծել ու գոնե մի բան հասկանալ խառնաշփոթի վերածված իրավիճակից:

Այսպես, նախօրեին հրապարակում կազմակերպվել է քաղաքացիական ֆորում, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հնարավոր ստվերային կառավարության պոտենցիալ անդամներից մի քանիսի անունները: Այդ ցուցակում տեղ են գտել ինչպես հայտնի քաղաքական, այնպես էլ հասարակակական գործիչներ, իրավապաշտպաններ և այլն: Հատկանշական է, որ արդեն երեկ այդ մարդկանց մի մասը, որոնց անունները հնչել են հրապարակում, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ ո՛չ տեղեկացված են հնարավոր ստվերային կառավարության մասին, ո՛չ էլ նման կառավարության ձևավորման պարագայում պատրաստ են մտնել դրա կազմի մեջ: Հատկանշական է նաև, որ երեկ հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումի սկզբում բացման խոսքով հանդես էր եկել ինքը՝ Հովհաննիսյանը՝ այդպիսով անուղղակիորեն աջակցելով ստվերային կառավարության ցուցակի գաղափարին:

Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ինչ ասել է ստվերային կառավարություն, և որ ուղղությամբ են փորձել տանել գործընթացները հարթակում կանգնած մարդիկ: Կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող պետություններում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, ընտրությունների արդյունքում խորհրդարանում փոքրամասնության կարգավիճակում հայտնված ընդդիմադիր կուսակցությունն իր ներսում ձևավորում է այսպես կոչված ստվերային կառավարություն, որի շրջանակներում կուսակցության առաջնորդները բաշխում են նախարարության պորտֆելներն ու պաշտոնները՝ սպասելով իրենց կուսակցության՝ իշխանական լծակներին հասնելու պահին: Տարատեսակ պարտիզանական և այլ բնույթի շարժումները ևս հաճախ իրենց ներսում ձևավորում են կառուցվածքներ, որոնք համարժեք են գործող կառավարությանը և որոնք կոչված են ստանձնել վերջինիս ֆունկցիան՝ իշխանության փոխանցման կամ տապալման պարագային՝ կանխելով անցումային շրջանի բարդությունները: Շարժումների դեպքում ստվերային կառավարության ձևավորումն ու դրա կազմի հրապարակումն ունի նաև մեկ այլ՝ այսպես կոչված ներկայացուցչական նշանակություն. հրապարակելով ստվերային կառավարության ցանկը՝ շարժման առաջնորդներն այդպիսով հասարակությանն են ներկայացնում իրենց ապագա թիմը:

Այսպիսով, փորձենք հասկանալ, թե մինչև ապրիլի 9-ը՝ Սահմանադրությամբ նախատեսված նախագահի երդմնակալության արարողությունը ինչպիսի քայլեր կամ սցենար են քաղաքացիներին առաջարկում Ազատության հրապարակի հարթակում կանգնած մարդիկ: Հարթակից հնչած տարատեսակ հայտարարւոթյուններից կարելի է  ենթադրել, որ ապրիլի 9-ին  հրապարակներից որևէ մեկում նախատեսվում է անցկացնել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի այլընտրանքային երդմնակալության արարողություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ, որից հետո Սարգսյանի ինաուգուրացիայի լեգիտիմությունը չճանաչող քաղաքացիները, որոնք կճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային երդմնակալության լեգիտիմությունը, այսուհետ կսկսեն ճանաչել նաև նրա հաստատած այլընտրանքային կառավարության լեգիտիմությունը և ենթարկվել վերջինիս ու Հովհաննիսյանի կայացրած որոշումներին: Ենթադրվում է, որ հետագայում կապահովվի քաղաքացիական անհնազանդության այդ ակտի շարունակությունը, երկրում սկզբում կձևավորվի երկիշխանություն, Հովհաննիսյանի ու այլընտրանքային կառավարության լեգիտիմությունը, ըստ հրապարակի հարթակում կանգնած անձանց պատկերացումների, հերթով կսկսեն ճանաչել նաև միջազգային իրավունքի սուբյեկտները՝ տարբեր պետություններ ու կազմակերպություններ, Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն ընթացքում կթունալա, կտապալվի, այլընտրանքային ստվերային կառավարությունն արդյունքում իր ձեռքը կվերցնի իշխանության լծակները:

Ստվերային կառավարության ձևավորումն ինքնին, սակայն, իշխող վարչախումբը տապալելու ուղղակի միջոց չէ: Եթե միայն ստվերային կամ, այլ կերպ ասած՝ այլընտրանքային կառավարությունների ձևավորման կամ այլընտրանքային երդմնակալության արարողությունների կազմակերպման միջոցով հնարավոր լիներ վարչախմբեր տապալել, աշխարհում օրական մի քանի տասնյակ կառավարություններ կփոխվեին: Բանալին հրապարակում քաղաքացիների, ընդդիմադիր ուժերի առավելագույն մոբիլիզացիան է, որին, սակայն, հրապարակի հարթակում կանգնած անձինք ակնհայտորեն չեն ձգտում: Ընդհակառակը, վերջիններն անընդհատ կատարում են այնպիսի գործողություններ, հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք ունեն ոչ թե միավորիչ, կոնսոլիդացնող հատկություն, այլ ուղիղ հակառակը՝ վանող ու պառակտող: Այս իրավիճակում այլընտրանքային մարմինների կամ միջոցառումների անցկացումը ըստ էության բեմականացված ներկայացման հատկանիշներ կունենա՝ իշխանափոխության հասնելու տեսանկյունից զրոյական արդյունավետությամբ: Եթե չթերագնահատենք հարթակում կանգնած անձանց ինտելեկտուալ ունակությունները, պետք է փաստենք, որ նրանք գիտակցում են այս ամենը, ուստի իրենց գործողությունները կարելի է բնութագրել իբրև խեղկատակություն և քաղաքացիներին մոլորեցնելու փորձ:

Արթուր Մինասյան

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականը. Տեսանյութը դեռ ՀԸ-ներին չեն տրամադրել’