‘Այսպես եթե գնաց, կառավարությունը ծով էլ կփնտրի ‘

1143

Ֆանտաստիկ լուր ՀՀ կառավարությունից: «Կառավարությունը հաստատել է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրելու կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ամրագրվում են նշված ուսումնասիրության համար նախատեսված պայմանագրային տարածքների չափերն ու սահմանները։ Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը։ Պայմանագրով կառանձնացվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքի ժամկետները, կսահմանվեն դրանց նվազագույն ծավալը, արժեքը, նավթի և գազի շուկայական արժեքի որոշման եղանակը և այլն»:

Սկսվեց: Ընտրություններից առաջ բոլոր խաղերը խաղացել էինք, հիմա էլ` նավթ ու գազ են փնտրում: Այն էլ մի տարածքում, որտեղ կարծես թե բազմիցս փնտրել ու չեն գտել ոչ նավթ, ոչ` գազ: Ու եթե այս ամենը նախընտրական շոուի հերթական մասն է, ապա իշխանությունները նավթ ու գազ փնտրելու փոխարեն ավելի լավ կանեն ծով փնտրեն: Մեկ էլ տեսար` գտան: Այդ ժամանակ իշխանական քարոզչամեքենան հնարավորություն կունենա օր ու գիշեր տարփողելու, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ծով են գտել:

Ավելին, Սերժ Սարգսյանը կկարողանա ինքն անվանակոչել այդ ծովը` ասենք Սարգսյան ծով` չխառնել Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում՝ Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան եւ Հյուսիսային պասսատային հոսանքների միջեւ գտնվող Սարգասյան ծովի հետ:  

Բացի դա, «թունդ հայրենասերները» ավելի հիմնավոր ու լեգիտիմ պատճառներ կունենան մարդկանց հորդորելու եւ կոչեր անելու` օտար ծովափերում հանգստանալու փոխարեն, իրենց ամառային հանգիստն անցկացնել միանգամայն հայկական ծովի ափին: Պատկերացրեք` քանի հանգստյան տուն ու մոթել իշխանությունները կկարողանան կառուցել այդ ծովի ափին, քանի մեքենաների կայատեղի ու վճարովի ափեր: Պատկերացնո՞ւմ եք` հայերը վերջապես կունենան սեփական ծովն ու օտար ծովափերում դեգերելու փոխարեն, ողջ օրը կանցկացնեն այդ ծովի ափերին, մարդիկ կմոռանան իրենց սոցիալական խնդիրներն ու երկրում արդարության պակասի մասին, թոշակառուները չեն բողոքի ցածր թոշակներից, վարորդները` պետավտոտեսուչներից, գործարարները` մաքսայինից ու հարկայինից: Հայաստանը կդառնա մի մեծ Ռիո դե Ժանեյրո, օր ու գիշեր միայն խինդ ու ծիծաղ կլինի փողոցներում, բիկինիներով աղջիկներ ու շորտիկներով տղաներ, հետո արդեն մենք էլ կսկսենք կառնավալներ անցկացնել, արտագաղթի տեմպերը կկանգնեն, իսկ արտագաղթածներն էլ հետ կգան այստեղ, եւ Հայաստանը կդառնա մի նոր Բրազիլիա:

Այնպես որ, իշխանությունները չնայած ճիշտ ուղու վրա են կանգնել` ընտրություններից առաջ ինչ-որ կարեւոր, բայց չեղած բան գտնելու հարցում, սակայն, ուղղությունը մի փոքր սխալ են ընտրել: Այո, նավթն ու գազը կարեւոր են, բայց Հայաստանի համար ծովն ավելի կարեւոր է: Հայաստանին ծովն ավելի է պակասում: Հայաստանին հիմա ծով է պետք: Ու եթե PR է, PR է` ավելի լավ է իշխանությունները միանգամից սկսեն ծով փնտրել:

 

Պարգեւ Ապրեսյան

 Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Նախորդ հոդվածը‘Երեւանյան Հելոուին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում Սիրիայի սահմանի մոտ պայթյուն է տեղի ունեցել’