Այստեղ կարող էր լինել «Բաց նամակ ԿԳՄՍ նախարարությանը» վերնագիրը, բայց…

3589

Վերջերս 5-րդ դասարանում սովորող երեխա ունեցող ծնողներից մեկն իմ ուշադրությունը հրավիրեց այստեղ դասավանդվող «Հայրենագիտություն» առարկայի դասագրքի վրա։ Դրանում նաեւ մեր պատմության կարեւոր դրվագներն են ներկայացվում։

Թե ինչպես է գլխիվայր ներկայացվում Հայաստանի պատմության հատկապես նոր եւ նորագույն շրջանն ընդհանրապես` սկսած ակադեմիական եւ բուհական շրջանակներից, հայտնի է։

Երեւանի պետական համալսարանի 2012 թ. հրատարակած «Հայոց պատմություն» բուհական դասագիրքն, օրինակ, անմիջապես արժանացավ ամենաբուռն քննադատության մի քանի տասնյակ հոդվածներով եւ այլ արձագանքներով։ Քննադատողները մարդիկ էին, որոնք տեսել էին, մասնակցել էին այն իրադարձություններին, որոնք դասագրքում  աղավաղվել, կեղծվել, եղծվել էին։ Կեղծիքի հեղինակներից, ոլորտի պատասխանատուներից, այլ պատմաբաններից` ոչ մի արձագանք։

Տողերիս հեղինակն ընդարձակ մի գրախոսական գրեց բուհական այդ դասագրքի մասին, որ հետո հրատարակվեց նաեւ առանձին գրքով («Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. 1988-1998 թթ., Երեւան, 2015, 101 էջ)։ Գիրքը դրվեց դասագրքի հեղինակների ու պատմագիտության ոլորտի պատասխանատուների սեղանին։ Դարձյալ ոչ մի արձագանք՝ ո՛չ պաշտոնական, ոչ՛ հրապարակային։

Բնականաբար, նույնն է վիճակը նաեւ դպրոցական «Հայոց պատմություն» դասագրքում, որով ուսուցանվում է արդեն բարձր դասարաններում։

Վերեւում նշածս դասագիրքը նախատեսված է 10-11 տարեկան երեխաների համար։

Այստեղ ներկայացված են նաեւ Հայաստանի երեք հանրապետությունները։

Առաջին հանրապետության 2,5-ամյա շրջանն, իհարկե, «ամենահերոսականն» է, իսկ այդ հերոսականության «բարձրակետը»՝ «Անկախ եւ միացյալ Հայաստանի» հռչակումը, 1919 թ. մայիսի 28-ին։ Այդ շրջանն ունի գործող պատմական անձինք` Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Գարեգին Նժդեհ։ Թե ինչու է Հանրապետության «հիմնադիր» կոչվում կառավարության 7 նախարարներից մեկը՝ Արամ Մանուկյանը, ոչ թե առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, թողնենք մի կողմ։

Երկրորդ հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը,  նույնպես ունի գործող անձինք, պատմական անհատներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Յակով Զարոբյան։

Երրորդ հանրապետությունը, ի տարբերություն առաջին երկուսի, չունի գործող անձինք, դերակատարներ։ Այստեղ ոչ մի անուն հիշատակված չէ, ամեն ինչ տեղի է ունեցել ինքնաբերաբար՝ «ավտոմատ»։ Լավ է գոնե, որ նշվում է, թե եղել են «դժվարություններ» ու դրանց հաղթահարում, բայց չի եղել, ասենք, պատերազմ, Արցախի ազատագրում, հաղթանակներ։

Թվում է՝ այս ամենին կարելի էր նայել բարոյական հարթության վրա, բնութագրել «ողորմելի» բառով ու առաջ անցնել։

Կարելի էր, եթե սա դասագիրք չլիներ, եւ խոսքը վերաբերեր միայն դրա հեղինակին կամ հեղինակներին։ Մինչդեռ նույն կեղծիքն ու ուրացումն են ոչ միայն բոլոր մակարդակների դասագրքերում (որոնցով սերունդ է կրթվում ու դաստիարակվում), այլ նաեւ ակադեմիական գիտության արտադրանքի մեծագույն մասում։

Սա պետական քաղաքականություն է, որ որդեգրվեց 1998 թվականից հետո։

 Սերվանտեսին վերագրվող մի խոսք կա (օգտագործել եմ նաեւ վերոհիշյալ իմ գրքում` որպես բնաբան). «Պատմության կեղծարարներին պետք է կախել, ինչպես կեղծ դրամ կտրողներին»։

Կարող է նման արարքի համար չափազանց թվալ նման պատիժը։ Բայց, պատմության կեղծումն, իրոք,  բարոյականության խնդիր չէ։ Դա ծանրագույն հետեւանքներով հղի ու նման հետեւանքների հանգեցնող հանցագործություն է։ Ընդ որում՝ ամբողջ ազգի համար։ Եւ դա գիտակցվել է արդեն շատ դարեր առաջ։

Ինչո՞ւ մեր պատմագիտական հանրույթը, պատմաբաններն այդքան զգայուն են, երբ մեր պատմությունը կեղծում եւ ուրանում են օտարները, բայց այդչափ անտարբեր են, երբ նույն բանը սեփական պատմության նկատմամբ անում են իրենք, իրենց «կոլեգաները»։

Որովհետեւ, ինչպես ասացինք, 90-ականների պատմությունը կեղծելը, նսեմացնելը, ուրանալը պետական քաղաքականություն է, եւ ընդդիմանալու համար նրանցից ոչ միայն մասնագիտական արժանապատվություն է պահանջվում, այլ նաեւ քաղաքացիական կեցվածք եւ մտավորականի կոչման գիտակցում։

——————————-

Հ. Գ. Սա կարող էր ունենալ «Բաց նամակ ԿԳՄՍ նախարարությանը» վերնագիրը։ Սակայն դա անիմաստ է։ Անիմաստ է, քանի որ պետական այն քաղաքականությունը, որ որդեգրել էին 1998 թվականից հետո Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, ինչպես մնացած բոլոր դեպքերում, սրբորեն եւ ավելի խորացված շարունակվում է նրանցից հետո` Ն. Փաշինյանի օրոք։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածըՀրանտ Մաթևոսյանի 88-ամյակին ընդառաջ
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժի զոհերի թիվը 33 հազարից ավելի է