‘Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնի մեռելոցն է’

856

Կիրակի՝ օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում էր Աստվածամոր Վերափոխման տոնը:  Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Այսօր, տոնին հաջորդող օրը, մեռելոց է: Բոլոր տաճարներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Կառավարության որոշման համաձայն՝ այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է:

Ըստ Qahana.am-ի

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթի պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության թիվ մեկ վախը՝ Ազատության Հրապարակ’