‘Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է’

1912

1897 թվականի այս օրն է ծնվել Եղիշե Չարենցը: Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Նրա հայրը առևտրական էր, ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով:

1908-12թթ. Չարենցը սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը, 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: Պատերազմի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում: 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում: 1925թ. հուլիսին Չարենցը աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում:

1926թ. սեպտեմբերին կրակում և վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը: 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:

1930-ականններին սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են:

Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ դատավճիռ. ֆրանսահայը մեղավոր է ճանաչվում Ցեղասպանությունը ժխտող թուրքին անարգելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ տարբերություն Րաֆֆիի ու Սերժի միջեւ’