‘Այսօր ընտրակեղծարար մանկավարժների տոնը չէ ‘

1792

Այսօր Հայաստանում նշվում է Ուսուցչի օրը: Այս տոնական օրը շնորհավորում ենք բոլոր մանկավարժներին, իրական ուսուցիչ-մանկավարժներին, եւ այդ կապակցությամբ հրապարակում ենք մեկ տարի առաջ այս օրը մեր կայքում հրապարակված նյութը` նվիրված Ուսուցչի օրվան: 

***

Այսօր ուսուցիչների մասնագիտական տոնն է: Մարդկանց, ովքեր սերունդներ են դաստիարակում, երեխաներին կրթում են, եւ նաեւ օրինակ են հանդիսանում նրանց համար: Մարդիկ, ովքեր ավանդաբար իրենց աշակերտների մոտ ասոցացվում են գերերկրային էակների հետ, ովքեր ոչ հաց են ուտում, ոչ ջուր են խմում, ոչ քնում են, եւ միայն զբաղված են երեխաներին կրթելով: Բայց իշխանությունները մի վատ բնավորություն ունեն. ինչին կպնում են` փչացնում են: Նույնն արեցին նաեւ ուսուցչի կերպարի հետ` այսօր մանկավարժներն այլեւս չեն ասոցացվում աշակերտների պատկերացրած այդ ավանդական կերպարի հետ:

Այսօր մանկարավարժներն ընկալվում են որպես ընտրություններ կեղծող, լցոնումներ անող, «կարուսել» կազմակերպող, ընտրություններից առաջ` ուսուցիչներին, նրանց բարեկամներին, աշակերտների հարազատներին ցուցակագրող, իշխող կուսակցությանը եւ նրա ղեկավարին պատեհ-անպատեհ փառաբանող, Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարի մոտ հարցազրույցներ տվող, երբեմն նաեւ իրենց ներքնաշորերում քվեաթերթիկներ թաքցնող մարդկանց մի խումբ: Մարդիկ, ովքեր պետականորեն կազմակերպված հանցագործության մի շղթան են կազմում, ընդ որում՝ ամենակարեւոր շղթաներից մեկը: Ընտրական տեղամասերի զգալի հատվածը հենց ուսումնական հաստատություններում է տեղակայված, ընտրական հանձնաժողովների զգալի մասը հենց մանկավարժներն են: Եթե ընտրությունները կեղծվում են (իսկ որ կեղծվում են՝ դրանում կասկած չկա), կեղծվում են հենց առաջին հերթին մանկավարժների ձեռքով: Մանկավարժների զգալի մասն այսօր իրականացնում է պետական ամենամեծ հանցագործությունը` սեփական ձեռքերով խեղում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, մի ամբողջ ժողովրդի ապագան, մի ամբողջ երկրի ապագան: Իշխանությունները միտումնավոր այդ հանցագործության շղթայի մեջ են ներառել նաեւ մանկավարժներին, իշխանությունները միտումնավոր փչացրել են այդ մարդկանց, իշխանությունները միտումնավոր նրանց դարձրել են իրենց պես` պետության դեմ իրականացված հանցագործությունների մասնակիցը, քանի որ ակնհայտ է, որ եթե այդ խավը չներքաշվեր ընտրությունները կեղծելու գործի մեջ, չկուսակցականացվեր, ապա ընտրությունները կեղծելու գործը իշխանությունների համար կդառնար գրեթե անհնար: Ներքաշեցին` փոխարենը աչք փակելով կրթական համակարգում ծաղկող կոռուպցիայի, չհիմնավորված դրամահավաքների վրա: Մեկ անգամ փչացրին, որ այս խավն այլեւս դառնա իրենց գերին, իրենց հետագա հանցանքների մասնակիցն ու պարտակողը:

Հ.Գ. Իհարկե, որեւէ մեկը չի պնդում, որ անխտիր բոլոր մանկավարժներն են այս հանցագործության մասնակիցը: Կան բազմաթիվ մանկավարժներ, ովքեր շարունակում են իրականացնել մանկավարժի իրենց առաքելությունը, եւ եթե անգամ բացահայտ կերպով չեն ընդդիմանում, ապա գոնե չեն խառնվում իշխանությունների կողմից իրենց պարտադրվող ընտրակեղծիքներ իրականացնելու գործին: Բազմաթիվ նման մանկավարժներ կան, եւ այսօր հենց նրանց տոնն է: Ես շնորհավորում եմ հենց նրանց մասնագիտական տոնը եւ համոզմունք եմ հայտնում, որ իշխանությունների կողմից ստորացված այս խավը շուտով վերջապես կազատագրվի այդ վիճակից եւ հնարավորություն կունենա զբաղվելու բացառապես իր բուն առաքելությամբ:

Նախորդ հոդվածը‘Այրվել է կրպակի տանիքը’
Հաջորդ հոդվածը‘Սկզբում տեղումներ, ապա տեղումներ չեն լինի. Եղանակ ‘