‘Այսօր ԼՂՀ Սահմանադրության օրն է ‘

2888

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։

«Մենք՝ Արցախի ժողովուրդը,հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային ՂարաբաղիՀանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբոմքներին,վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները,գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև,իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը,ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը»,- ասված է Սահմանադրության նախաբանում։

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Հիշեցնենք նաեւ, որ 1991-ի նույն օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեն, որին հետեւել են մի խումբ անկախ դիտորդներ:

Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը:

Անկախ դիտորդները հավաստել են.

«Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումը իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ:

Հանրաքվեի հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ»:

 

Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկները պարունակում են նշված հարցը և «այո», «ոչ» բառերը (անցանկալին ջնջել): Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը (ըստ ընտրողի ցանկության) տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ:

Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ:

Դիտորդները անհրաժեշտ են համարում նշել, որ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք:

Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ են:

Քվեատուփերը բացելով` դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 95 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել:

Քվեարկության արդյունքները.

«Այո» — 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/,

«Ոչ» — 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի» համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն են տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարում են.

ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ 

 

Աֆանասև Յուրի Նիկոլայի` ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր

Սմիռնով Վլադիմիր Սերգեյի` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր

Նազարով Բորիս Լազարի` Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոնի նախագահ

Պրոշեչկին Եվգենի Վիկտորի` «Ժողովրդավարական Ռուսաստան»

Վոեվոդսկի Կոնստանտին Էմանուիլի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Սանկտ-Պետերբուրգի իրավապաշտպան կենտրոն

Պոլյակովա Էլլա Միխայիլի` «Մեմորիալ», «Զինվորի մայրերի շարժում», Սանկտ-Պետերբուրգ

Բուրկովա Ինեսա Եմելյանի` Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե (ԿՐԻԿ) Մոսկվա

Սինյավսկայա Գալինա Պյոտրի` «Ընդդեմ բռնության շարժում», Մոսկվա

Լունինա Ելենա Վլադիմիրի` Զինծառայողների ծնողների մոսկովյան կոմիտե

Ալեքսեևսկի Կիրիլ Միխայիլի` ԽՍՀՄ ԳԱ ընտրողների ակումբ, Մոսկվա

Կուլիկովա Գալինա Պավելի` Ռուսական մշակույթի ընկերություն, Երեւան

Սամոդուրով Յուրի Վլադիմիրի` Սախարովի միջազգային կոնգրես

Սուպրունենկո Օլգա Իգորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր

Շալիգին Գենադի Ֆյոդորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր

Տիտով Վյաչեսլավ Կոնստանտինի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր

Թավրիզով Ալեքսեյ Գրիգորիի` «Մեմորիալ»

Ֆյոդորով Վլադիմիր Վլադիմիրի` Հակաֆաշիստական կենտրոն, Մոսկվա

Կալինկին Նիկոլայ Իվանի`«Մեմորիալ»

Դաշկեվիչ Վլադիմիր Սերգեյի` Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե /ԿՐԻԿ/

Բաբուշկին Անդրեյ Վլադիմիրի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր

Գորբան Վիկտոր Վասիլիի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր

Դանիլով Վիտալի Ալեքսեյի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես

Կիչմար Նիկոլայ Իվանի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ/շարժում/, Սևաստոպոլ

ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի /Ֆրանսիա/, Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, Մեգապոլիս էքսպրեսի, Իզվեստիայի, Մոսկովսկիե նովոստիի, Լիտերատուրնայա գազետայի, Ստոլիցայի, Պանորամայի, Ռադիո Ռոսիայի, Էխո Մոսկվայի լրագրողների ներկայությամբ»:

Նախորդ հոդվածը‘Մոտ 22 հազար ՀՀԿ-ական ընտրակեղծիքների «ինստիտուտ» է հաճախում. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Պետք է խելացի լինեմ ու խուսափեմ ռիսկային բաներից, որոնց պատճառով կարող եմ քննադատության ենթարկվել»’