‘Այսօր լրանում է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը’

1115

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ.-ի հունվարի 27-ին՝ Բեյրությում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Տիգրան Մանսուրյանը գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը» և այլն:

Նախորդ հոդվածը‘ Լոս Անջելեսում անցկացվեց 56-րդ ամենամյա Գրեմի մրցանակաբաշխությունը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը` ՄԻԵԴ-ում’