‘Այսօր ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 106-ամյակն է’

1359

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 106-ամյակն է:

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը, ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը, ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։

Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 1926-1928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ։

1929-1932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում և ստացել ճարտարապետ նախագծողի որակավորում։

1932-1934 թվականներին սովորել է Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը՝ ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։

1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։

1936 թվականին տեղափոխվել է Երևան։

1936-1941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։

1941-1943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 1941-1963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։

1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։

Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։

1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։

1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։

1949-1951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։

1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։

1951-1973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։

1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։

1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

 

Նախորդ հոդվածը‘ Եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են Չեմպիոնների լիգայի մեկնարկին (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ա կաթողիկոսը կժամանի Հայաստան’