‘Այսօր ծնվել են շատերը, հեռացել է Զորիկ Գալստյանը՝ իր ընտրած ճանապարհի Տերը’

6633

Ի՞նչ գաղտնիք կամ թաքուն հմայք կար Զորիկի մեջ, որ նրա անսպասելի մահվան բոթը լսելուց հետո՝ սրտի ծակոցով շատ-շատերս խոստովանեցինք, որ այս մարդը պատկառազդու տարածք էր գրավել մեր հոգիներում։

Պատճառը նրա լուսանկարնե՞րն էին, առանց բարձրաբերձ խոսքերի՝ «Հայաստանը մանրամասն սիրելու» ու մեզ էլ սիրել տալու նրա խաղաղ, առանց ցուցամոլությունների հավատա՞մքը։

Ինչ-որ չափով՝ այո։

Պատճառը նրա ստատուսնե՞րն էին Ֆեյսբուքում, որ ոմանց ստիպում էին ծիծաղից գալարվել՝ նաեւ հիանալով նրա իմացության մեծ պաշարով, ոմանք էլ «թակարդն էին ընկնում» ու սկսում լուրջ-լուրջ բանավիճել՝  չընկալելով մի քանի կողպեքի տակ թաքցրած նրա հումորը կամ սարկազմը։

Թե՞ պատճառը ողբասացության նկատմամբ մեր թուլության վրա ժամանակ առ ժամանակ նրա լցրած սթափեցնող «սառցաջուրն» էր։

Ինչ-որ չափով՝ այո։

Սրանք քիչ չեն, բայցեւ՝ այնքան չեն, որ այսպիսի հուզական փոթորիկ առաջացնեն բազմաթիվ թանկագին մահեր տեսած մեր կոշտացած հոգիներում։

Զորիկ Գալստյանը եթե օգնում էր քեզ ինչ-որ բանով, հաջորդ օրն այնքան բնական ու հանգիստ էր մոռանում դրա մասին, որ դու էլ էիր մոռանում։ Աննման ու շատ դժվար ճարվող հատկություն էր։

Չէր ծեքծեքում, դուր գալու ջանք չէր թափում. «Էս եմ, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի կերպ կդիմանամ»։

Երբեք չէր խաբում։ Ու որ չէր խաբում, որ էդքան շիտակ էր, սուրը ճոճելու պատրաստ թեւդ թուլանում էր, մեկ էլ հանկարծ զարմանքով ինքդ քեզ խոստովանում էիր, որ դու Զորիկի հետ կռիվ չունես, որովհետեւ ինքը հայացքը չի փախցնում իր տեսակետն ասելիս, քեզ ոչինչ չի պարտադրում ու էնքան հանգիստ է վերաբերվում քո հակադիր տեսակետին, որ ի՞նչ սուր ճոճել, մեկ էլ հասկանում ես, որ Զորիկ տեսակի օրինակը վկա՝ հնարավոր է առանց իրար կոկորդ կրծելու տարբեր կերպ մտածել, ու այդ «տարբեր կերպերը» մի հարկի տակ հաշտ ու խաղաղ ապրեն։ Եթե չես խաբում, իհարկե։ Որովհետեւ Զորիկն ինքը՝ երբեք չէր խաբում ոչ ինքն իրեն, ոչ էլ՝ ուրիշներին։ Ինչ սովորական, առօրեական պայման է, չէ՞, բայց էլի՝ շատ դժվար ճարվողներից է։

Զորիկ Գալստյանը Տեր էր։ Հրանտ Մաթեւոսյանի «Տեր»-երից էր։ Գուցե իր «անտառը» մեծ չէր, բայց իր էդ «անտառը» Զորիկը՝ առանց ցուցադրելու, ջրում էր, էտում էր, խնամում էր, գուրգուրում էր, պաշտպանում էր Տիրոջ պես, հաստաբուն կաղնու՝ մինչեւ «ծնկները» հողի մեջ խրված կոճղի պես։

Ծանր բան է Տեր կորցնելը։

       

Նախորդ հոդվածը‘Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Որ դեղերի գներն են իջել ըստ ԱՆ-ի’