‘Այսօր ծնվել է Ադա Լավլեյսը. «Մեքենան Արարիչ չէ»’

3204

Սա ասել է այս նրբագեղ ու դալկադեմ գեղեցկուհին եւ շարունակել. «Մեքենան ընդամենը հնազանդ ծառան է իր տիրոջ հրամանների»։

Հմայիչ ժպիտը դեմքին՝ իր հարցերով եւ բարձրաձայնած մտքերով նա ստիպում էր օքսֆորդյան եւ քեմբրիջյան հիանալի կրթություն ստացած տղամարդկանց կարմրել, գունատվել ու կակազել։

Զարմանալի բան, թերեւս, չկար. նա անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի եւ մաթեմատիկայի մեծ գիտակ Անաբելի դուստրն էր։ Եվ եթե Ադայի անվան շուրջը շշուկներ էին պտտվում, թե չար ուժերն են հովանավորում նրան, հակառակ դեպքում՝ որտեղի՞ց այդ փխրուն աղջնակի գլխում այդքան խելք ու տրամաբանություն, ապա այստեղ հակասական, հախուռն ու լոնդոնյան հասարակությունից մերժված լորդ Բայրոնի ակամա «ներդրումն» էլ քիչ չէր։

Իր հասակակիցների միջավայրում հազվադեպ կարելի էր տեսնել Ադային։ Հետաքրքիր չէին. ինչի՞ մասին պետք է խոսեր այդ անհոգ ու թեթեւամիտ թռչնակների հետ, եթե դեռ 12 տարեկան էր, որ սկսեց թռչող սարքեր գծագրել եւ օրերով փակվում էր գրքերի ու թվերի աշխարհում։ Հորից բանաստեղծության նկատմամբ սեր էր ժառանգել, եւ երբեմն ինքն էլ էր գրում՝ մորից գաղտնի, բայց հետագայում՝ գուցե իր իսկ կամքով, գուցե՝ մոր պարտադրանքով, պոեզիա փնտրեց ու գտավ թվերի մեջ։

Նրա հպանցիկ բարեհաճությանն արժանանալը նախանձելի հաջողություն էր համարվում տղամարդկանց համար։ Ե՛վ նրա ներկայությամբ երկյուղածությամբ լռող ու թիկունքից չարախոսող աղջիկներն էին ուզում գուշակել Ադայի գաղտնիքը, ե՛ւ նրա առջեւ ծնրադրելու պատրաստ տղամարդիկ, ե՛ւ լոնդոնյան բարձրաշխարհիկ խարդավանքներից հոգնած մեծահասակները, բայց դա նրանց չէր հաջողվում։ Որովհետեւ ոչ մի առեղծված կամ գաղտնիք չկար։

Ընդամենը՝ Ադան խելացի եւ տաղանդավոր կին էր, ինչն իր ապրած ժամանակների համար առնվազն տարօրինակ էր։

Մաթեմատիկոս Ավգուստա Ադա Քինգ (հայրական ազգանունը՝ Բայրոն) Լավլեյսը, որ առավել հայտնի է որպես դքսուհի Ադա Լավլեյս (1815-1852), համարվում է աշխարհում առաջին ծրագրավորողը։ Ադան Ջորջ Գորդոն Բայրոնի եւ Անաբելի միակ օրինական երեխան է։ Մինչ օրս անհայտ պատճառով՝ Անաբելը ապահարզան պահանջեց լորդ Բայրոնից, եւ նրանց դուստրը դեռ մեկ ամսական էր, երբ բանաստեղծը ստորագրեց համապատասխան փաստաթուղթը եւ ընդմիշտ լքեց Անգլիան։ Այլեւս երբեք հայր ու աղջիկ չեն հանդիպել։

Ընտանեկան գրադարանից վերացնելով Բայրոնի բոլոր գրքերը՝ Անաբելը նորածնին «նվիրում է» իր ծնողներին եւ մեկնում երկարատեւ, կազդուրիչ շուրջերկրյա ճամփորդության։ Կենսագիրները միմյանց հակասող տեղեկություններ են հաղորդում։ Ըստ ոմանց՝ ճամփորդությունից վերադառնալուց հետո Անաբելը նվիրվում է իր աղջկա դաստիարակությանը, իսկ որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ Ադան ոչ միայն հորը չի տեսել երբեք, այլեւ զրկված է եղել նաեւ մայրական հոգատարությունից։

Ամեն դեպքում նա հիանալի կրթություն է ստացել։ 17 տարեկանում Ադային ներկայացրել են թագավորին ու թագուհուն։ 1835-ին ամուսնանում է 29-ամյա Ուիլյամ Քինգի հետ, երեք տարվա ընթացքում երեք երեխա են ունենում՝ Բայրոն, Անաբել, Ռալֆ Գորդոն։ Իսկ հետո… Հետո Ադան մխրճվում է մաթեմատիկայի անծայրածիր լաբիրինթոսի մեջ, եւ ամուսինը երբեք չի խանգարում նրան, հակառակը՝ օգնում է ինչով կարող է, որքան կարող է։

Չարլզ Բեբիջի անունն առաջին անգամ Ադան լսում է ճաշի սեղանի շուրջը, եւ մի քանի շաբաթ անց՝ 1833-ի հունիսի 5-ին, 18-ամյա Ադան եւ Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Բեբիջը ծանոթանում են։ Մինչ այդ Բեբիջն արդեն ստեղծել էր այն հաշվիչ մեքենան, որի կատարելագործված տեսակին այժմ համակարգիչ են ասում։ Ժամանակակիցներն այդպես էլ չեն ընկալում, թե ում է հարկավոր այդ տարօրինակ ու ծանրաքաշ «երկաթի կտորը»։ Իսկ ահա Ադան հասկանում է եւ դառնում Չարլզի նվիրյալ աշակերտն ու օգնականը, եւ մի օր էլ այդ հաշվիչ մեքենայի համար գրում ու սերունդներին է թողնում մի ծրագիր, ինչի շնորհիվ էլ համարվում է աշխարհի առաջին ծրագրավորողը։

Գուցեեւ ավելին կարողանար անել այս տաղանդավոր կինը, գուցե նույնիսկ կարողանար ստիպել հասարակությանը, որ գիտակցեին իր ուսուցչի ստեղծած հաշվիչ մեքենայի ահռելի նշանակությունը մարդկության առաջխաղացման մեջ, սակայն, Ադա Լավլեյսին իր հոր ճակատագիրն էր նախանշված։

36 տարեկանում քաղցկեղից տառապող Ադային օգնելու նպատակով արված արյունառությունը դառնում է նրա մահվան պատճառը, եւ Ադան եւ իր հայրը հավերժ միանում են Բայրոնների տոհմական դամբարանում։

1975-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց ամերիկյան զինված ուժերի ծրագրավորման միասնական լեզու ստեղծել, հետագայում նաեւ՝ ՆԱՏՕ-ի համար, եւ այդ լեզուն աներկբա անվանակոչվեց Ադա։

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Շնորհավոր Մարդու իրավունքների միջազգային օրը’
Հաջորդ հոդվածը‘Պատասխանատուներն ինչքան ուզել՝ «էդքան խփել են»’