‘Այսօր ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ «Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը» ‘

3304

«Եթե մինչ այժմ Լեման-Հաուպտն ու Մառն էին համարվում Հարավային Անդրկովկասի վաղ պատմության հետազոտությունների նախաձեռնողները, ապա այս հատորը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ոչ այլ ոք, քան Աշխարհբեկ Քալանթարն է եղել Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը», — Փարիզում 1994-ին Աշխարհբեկ Քալանթարի անգլերեն հրատարակված եռահատորյակի 1-ին հատորի գրախոսականում գրել է «Ամերիկյան հնագիտական հանդեսը» (American Journal of Archaeology)։

Իսկ Չի­կա­գո­յի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, հնա­գետ Ա­դամ Ս­միթը գրել է. «­Քա­լան­թա­րի կյանքն ու գոր­ծը բա­ցա­հայ­տում են այն մնա­յուն կա­րե­ւո­րու­թյու­նը, որ Հայ­կա­կան Լեռ­նաշ­խար­հն ու­նի հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ»:

Հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է (1884-1942) Լոռու Արդվի գյուղում, ազնվական ընտանիքում. սերվել է նշանավոր Լոռիս Մելիքների եւ Արղությանների տոհմերից։ 1905-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1907-ին՝ Թիֆլիսի գիմնազիան, 1911-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Հենց ուսանելու տարիներից սկսած՝ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին։ 26 տարեկան էր, երբ դարձավ Սանկտ Պետերբուրգի Հնագիտական ինստիտուտի իսկական անդամ, 28-ում՝ արդեն Կայսերական Հնագիտական ընկերության անդամ էր եւ Կայսերական ակադեմիայի որոշմամբ՝ Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի գիտական ավանդապահ։  

Քալանթարի շնորհիվ Անիի մոտ 6000 հնագիտական իրեր են փրկվել, որոնք այժմ գտնվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1921-ին Թիֆլիսից Երևան է փոխադրել Մշո Սուրբ Առաքելոց վանքի նշանավոր դուռը, Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։

Նիկողայոս Ադոնցի հետ եղել է Վանի հնագիտական երկրորդ արշավախմբում։

Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915)՝ Հայ կամավորական գնդի կազմում, եղել է Անդրանիկ Օզանյանի թարգմանիչն ու խորհրդականը՝ փոխգնդապետի կոչումով, հընթացս ուսումնասիրել է Խոյի պատմական հուշարձանները։

1920-ին Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները։ Նրա օրագիրը, որ վերջին վկայությունն է ներկայում մասամբ կամ լիովին ավերված հուշարձանների, նախ, հրատարակվել է 1994-ին անգլերեն, իսկ ահա հայերեն՝ 2007-ին։

Աշխարհբեկ Քալանթարը Երեւանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից է։ Հենց ինքն է հիմնադրել հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ 1922-ին հրատարակել է հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-1919 թթ. դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում, ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։

1929-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1919-ին (Ալեքսանդր Թամանյանի եւ Մարտիրոս Սարյանի հետ միասին) հիմնադրել է «Հնությունների պահպանման կոմիտեն», (համառ պայքար է մղել Երեւանի երկու եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի և Կաթողիկեի քանդման դեմ։ Հաջողության չհասնելով՝ քանդման ընթացքում կատարել է կարեւոր ուսումնասիրություններ)։ 1930-1933 թթ. Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել է նախապատմական ջրաբաշխական համակարգ, ջրանցքների — ջրամբարների կանոնավոր ցանցով, 1931-ին գլխավորել է հին Վաղարշապատի՝ Զվարթնոցի-Հռիփսիմեի մերձակա հնագիտական պեղումները եւ ուսումնասիրությունների արդյունքները հրատարակել «Հին Վաղարշապատի պեղումները» գրքում (1938)։

80-ից ավելի աշխատությունների հեղինակ է։

1938-ին ձերբակալվել է «հայրենիքին դավաճանելու» մեղադրանքով՝ համալսարանի մի խումբ դասախոսների հետ միասին («պրոֆեսորների գործ»), գնդակահարության հոդվածը փոխվել՝ ութտարյա աքսոր է դարձել, եւ հենց Սիբիրում էլ 1942-ին վախճանվել է։ Հետմահու արդարացվել է։

«Բնականաբար», չհաջողվեց հայալեզու «նամուսով» սոցցանցի օվկիանոսում, նրա գիտական գործունեությունից բացի՝ որեւէ այլ տեղեկություն «կորզել». ընտանիք ունե՞ր, ինչպե՞ս հաղթահարեց «ժողովրդի թշնամի» պիտակի ծանր բեռը նրա ընտանիքը, առօրյա կյանքում ի՞նչ նախասիրություններ կամ թուլություններ ուներ։ Ինչպես գրեթե մեր բոլոր մեծերը՝ ըստ նրանց կենսագիրների, Աշխարհբեկ Քալանթարը նույնպես՝ օրուգիշեր միայն աշխատել է, ստեղծագործել, գրել ու ջնջել։

Ընտանիք ուներ։ Սա հաջողվեց գլխի ընկնել մի փոքրիկ տեղեկատվության շնորհիվ։ 2005-ին Երեւանի Տերյան փողոցի 62-րդ տան պատին գիտնականի հուշատախտակ է տեղադրվել (1935-38-ականներին այդտեղ է ապրել)։ «Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը եւ Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը»- հայտնում է տեղեկատվության հեղինակը։

Այսինքն, ընտանի՛ք ուներ։ Եվ եթե մեծ գիտնական Գրիգոր Գուրզադյանի որդին՝ Վահագն Գուրզադյանը, նրա թոռն է, ուրեմն՝ նրա դուստր Մարիաննան մեծ աստղագետի կինն է։ Իր անունը կրող թոռան գոյությունն էլ հուշում է, որ Աշխարհբեկ Քալանթարը նաեւ որդի ուներ։

Ուրիշ ոչինչ հնարավոր չեղավ պեղել մեր սոցցանցերից։

Բայց այսքանն էլ քիչ չէ՝ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակի առջեւ ակնածանքով ու հպարտությամբ գլուխ խոնարհելու համար։

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Դաշնակցություն ժողով արեց’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ «Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը»’