‘Այսօր ծնվել է Գերտրուդ Շոլց-Կլինկը՝ «հարսնացուներ բուծողը»’

2865

Մինչ նացիզմի հաղթանակը՝ Գերմանիայում կատարյալ տանտիկին լինելու համար բավարար էր «երեք Կ»-ի առկայությունը՝ Kinder, Küche, Kirche (երեխաներ, խոհանոց, եկեղեցի)։ Երրորդ ռայխի ներքին գործերի նախարար Հայնրիխ Հիմլերի կարծիքով՝ արիացի կանանց պարտականությունները պե՛տք է տարբերվեին սովորական մահկանացու կանանց պարտականություններից։ Հենց այս «արիացու» նախաձեռնությամբ (սա հենց այն Հիմլերն է, որ սիրում էր «բանալու անցքից» նայել կանանց բարեմասնություններին) 1936 թվականին հիմնադրվեցին «հարսնացուների դպրոցները»։ Այն կանայք, որոնք երազում էին էսէսական սպայի հետ ամուսնանալ, պետք է այդ դպրոցի վկայականին արժանանային։

Ահա այս անզուգական գաղափարի իրականացման գործը վստահվում է Նացիոնալ-սոցիալիստական կանանց կազմակերպության առաջնորդ Գերտրուդ Շոլց-Կլինկին։ Այս Գերտրուդը Երրորդ ռայխի ամենաազդեցիկ իգական սեռի ներկայացուցիչն էր։

Եվ ուրեմն, այս «հարսիկները» ի՞նչ «հրաշագեղ» հատկություններով պետք է օժտված լինեին՝ էսէսական ամուսին ունենալու «բախտին» արժանանալու համար։ Ամենակարեւորը՝ չպետք է լինեին հրեա կամ գնչու եւ հոգեկան հիվանդ, հետո պետք է կարողանային՝ ա. լվացք անել, բ. ճաշ եփել, գ. երեխաներին հոգ տանել, դ. տունը գեղեցիկ կահավորել, ե. գրագետ խոսել… Հասանք կարեւորագույններին՝ զ. կուսակցության գծից չշեղվել եւ է. երեխաներին սովորեցնել, որ ոչ թե պետք է խոնարհվեն Աստծո կամ Հիսուս Քրիստոսի առջեւ, այլ՝ Ադոլֆ Հիտլերի։

Հիմա տեսնենք՝ ով է այս «սուրբ» Գերտրուդը, որին վստահվել էր այս «սրբասրբագույն առաքելությունը»։

Ծնվել է (1902-1999) Գերմանիայի Ադելսհայմ քաղաքում։ Ամուսնացել է իր նման նացիստ Ֆրիդրիխ Կլինկի հետ, հասցրել է վեց երեխա նվիրել Հիտլերին (չէ՞ որ նացիստներն ամուսնանում էին հանուն Ադոլֆի) եւ 26 տարեկանում այրիացել է։ Կուսակցական բուռն գործունեությանը զուգահեռ՝ ամուսնու մահից տարիուկես անց ամուսնանում է խորհրդական Գյունտեր Շոլցի հետ։ 1936-ին Ոսկյա պատվավոր շքանշանի է արժանանում նացիստական գաղափարախոսության երդվյալ դրոշակակիր լինելու համար։ 1938-ին բաժանվում է ամուսնուց (ինքն ու՜ր, ինչ-որ անորոշ-անկատար խորհրդականն՝ ուր) եւ ամուսնանում օբերգրուպենֆյուրեր Հայսմայերի հետ, որը նույնպես վեց երեխայի հայր էր։ Եթե նկատեցիք՝ նախկին երկու ամուսինների ազգանուններն իրենով արած Գերտրուդը «իմաստնաբար» չի սեփականաշնորհում երրորդ ամուսնու ազգանունը։ Դե, իր բուծած «հարսիկներին» դժվար կլիներ բացատրել, թե առաքինության դասեր տվող այս տիկինն ինչու է երեք տղամարդու ազգանուն առել իր «արիական» ուսերին։

Երրորդ ռայխի պարտությունից հետո նա գերիների սովետական ճամբարում էր, բայց քանի որ այստեղ չգիտեին, թե ինչ խոշոր շնաձուկ է ընկել իրենց ձեռքը, «խեղճ կնոջն» ազատ արձակեցին։ Ամուսնու հետ կեղծ փաստաթղթերով ապրում էին Թյուրինգիայում, հետո նույն կեղծ փաստաթղթերով փոխադրվեցին Ֆրանսիա։ Այստեղ, ի տարբերություն սովետների, բացահայտվեց, թե Մարիա կեղծանվան ներքո ինչ կարկառուն հիտլերական է թաքնված, եւ 18 ամսով բանտարկեցին։ Հետո ավելացրին եւս 30 ամիս, իսկ ազատ արձակելուց հետո զրկեցին քաղաքականությամբ զբաղվելու եւ ընտրելու իրավունքից, նաեւ՝ արգելեցին տասը տարի մանկավարժ կամ լրագրող աշխատել։ Թե ինչու միայն՝ մանկավարժ ու լրագրող, եւ այստեղից կարելի՞ է ենթադրել, որ, օրինակ, Գերտրուդը կարող էր հանգիստ խղճով գթության քույր աշխատել՝ չգիտենք։

1953-ին վերադառնում է Թյուրինգիա, ապրում է գրեթե մեկ դար եւ ողջ կյանքում ակտիվորեն ու անարգել պրոպագանդում է նացիստական գաղափարները, գիրք է գրում՝ «Կինը Երրորդ ռայխում», որը հրատարակվում է 1978-ին։

Հիմա կասեք՝ ինչու՞ հենց այս կինը տեղ գրավեց «Այսօր ծնվել է…» շարքում։

Դե՛, որ չմոռանանք. այս մեր աշխարհում միայն խենթ պոետներ, նկարիչներ, հրաշամանուկներ ու թիթեռ սիրողներ չեն ծնվում ու մեռնում։ Եվ ամենակարեւորը. որ չմոռանանք՝ մեր շարքերում էլ գերտրուդներ կան։ Հենց այստեղ՝ մեր կողքին։ Եթե ուշադիր ձեր շուրջը նայեք, նրանց կտեսնեք ընտրությունների օրերին՝ դպրոցների տնօրենների, մանկապարտեզների վարիչների կերպարանքներով, խորհրդարանում, Գորիսում, Սերժիկ Սարգսյանի մասնակցությամբ հարսանիքներում, կնունքներում… Եվ սրանք գերտրուդներից ավելի արգահատելի են։ Որովհետեւ այս Գերտրուդն իրոք գաղափարի նվիրյալ էր, թեկուզեւ՝ զարհուրելի գաղափարի։ Այս Գերտրուդը մինչեւ կյանքի վերջը պաշտում էր իր ֆյուրերին, իսկ այսօր Հայաստանն անդամահատող «նվիրյալների» պաշտամունքը ստամոքսահյութի գրգիռներից վեր չի բարձրանում, եւ եթե Սերժիկ Սարգսյանին «մի բան պատահի», առաջինը հենց սրանք են իրենց «առաջնորդին» ցցի հանելու։

Դաժա՞ն էր։

Ավելի դաժան չէ, քան այն փորձությունները, որոնց այսօր ենթարկվում է Հայաստանը՝ տեղական իգական եւ արական սեռի «գերտրուդների» ստորաքարշ կամքով։

Լիզա Ճաղարյան

 

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում բախվել են մարդատար գնացքներ, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը պարտվել է Վիշվանաթան Անանդին’