‘Այսօր ծնվել է Զինաիդա Վոլկոնսկայան. ոմանց համար՝ բարեպաշտ, ոմանց համար՝ երեսպաշտ’

2540

Հետաքրքիր տիկին է։ Ոմանց կարծիքով՝ բարեպաշտության խորհրդանիշ է, ոմանք էլ պնդում են, որ ինքնասիրահարված պչրուհի է, եւ ինչ բարի գործ արել է՝ նպատակը սիրո եւ մեծարման հաճույքի վայելումն է եղել։ Եվ եթե կարծիքները ծայրահեղ են, ուրեմն՝ մարդն արժանի է ուշադրության։

Եվ այս ուշադրության արժանի իշխանուհի Զինաիդա Վոլկոնսկայայի, ծննդյամբ՝  Բելոսելսկայա (1789-1862), անվան դիմաց գրված է՝ գրող, բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր, 19-րդ դարի ռուսական մշակութային կյանքի ակնառու դեմք, գրական հավաքույթների տիրուհի։ Շատ չէ՞։ Ամեն դեպքում՝ քիչ էլ չէ։ Բայց նրա կենսագրությունը թերթելիս հասկանալի է դառնում, որ այս բարձրաշխարհիկ տիկնոջ գլխավոր արժանիքը վերջինն է՝ հավաքույթների տիրուհի։

Ծնվել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Հայրը՝ իշխան Ալեքսանդր Բելոսելսկին, Սաքսոնյան պալատում դեսպանորդ էր։ Մայրը մահանում է Զինաիդայի ծնվելուց հետո, եւ նրան մեծացնում ու դաստիարակում են քույրերը եւ հայրը՝ իր ժամանակի կրթված եւ առաջադեմ մեկենասը, որից էլ նրա դուստրը ժառանգել է սերը գիտության, գրականության եւ արվեստի նկատմամբ։ 21 տարեկանում ամուսնանում է իշխան Նիկիտա Վոլկոնսկու հետ, որն Ալեքսանդր 1-ինի համհարզն էր։ Ծնվում է նորապսակների անդրանիկ որդին՝ Գրիգորին… Այդքան էլ վստահաբար չպնդենք, որ այդ դժբախտ փոքրիկը Վոլկոնսկիների զավակն էր, որովհետեւ խարդավասեր պալատականներն այլ բան են պնդում. Ալեքսանդր 1-ինի եւ Զինաիդայի մտերմությունը գաղտնիք չէր, եւ մինչեւ մահ Ռուսիայի միապետը նամակագրական կապը չի կտրել նրա հետ։ Իսկ Գրիգորին այդպես էլ չի հասցնում հասկանալ, թե ով է իր հայրը. փոքրիկը հիվանդանում է եւ ընդմիշտ փակում աչքերը՝ պալատական շշուկներն էլ տանելով իր հետ։

Զինաիդայի երկրորդ որդին՝ Ալեքսանդրը, նման կասկածներ չի հարուցել ազնվազարմների միջավայրում։

Պետերբուրգյան չարախոսությունները, ըստ երեւույթին, հոգնեցնում են աղմկոտ հաջողություն վայելող Զինաիդային, եւ երեք տարի հետո նա մեկնում է Իտալիա։ Ի դեպ, ակնհայտ է, որ այս բարձրաշխարհիկ տիկինը իտալացիների նկատմամբ առանձնահատուկ քնքշանք էր տածում։ Օրինակ՝ չարախոսները (ա՜խ, այդ չարախոսները) քմծիծաղում են, երբ Զինաիդան ասում է՝ ծով եմ ուզում, եւ մեկնում է Օդեսա։ «Գիտենք՝ ինչ ես ուզում,- քմծիծաղում են այս չարախոսները,- եթե իտալացի երգիչ Կարբերին Օդեսայում չլիներ, քո սիրտը դժվար թե ծով ուզենար»։

Չխորանանք։ Իտալիայից վերադառնում է Ռուսաստան, բայց այս անգամ՝ Մոսկվա, եւ կարճ ժամանակում նրա տունը դառնում է երաժշտական, գրական հավաքույթների եւ թատերական ներկայացումների կենտրոն։ Նրա հյուրասրահում հավաքվում էին մեծ պոետներ, օրինակ՝ Պուշկինը (հենց նա է իշխանուհու մասին ասել. «Մուսաների եւ գեղեցկության թագուհի»), նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ։ Պոետները բանաստեղծություններ էին ձոնում գեղեցկուհի Զինաիդային, նրա դիմանկարներն էին վրձնում նկարիչները, սիրահարվում էին, օրինակ՝ վաղամեռիկ պոետ Վենեւիտինովը խենթանում էր նրա համար։ Հավաքույթների կենտրոն տունն էլ «անվանակոչել էին» այսպես. «Երաժշտական դիցուհու կախարդական ամրոց», իսկ՝ երաժշտական, որովհետեւ, ըստ ժամանակակիցների, Զինաիդան հրաշալի ձայն ուներ եւ չէր զլանում երջանկացնել հյուրերին իր բացառիկ կոնտրալտոյով։ Ի դեպ, Փարիզում նա ծանոթանում է Ռոսինիի հետ, հմայում նրան այնքան, որ մեծ կոմպոզիտորը համաձայնում է, որ Զինաիդան բեմադրի «Իտալուհին Ալժիրում» օպերան, եւ ինքն էլ կատարի գլխավոր դերերգը։

Դեկաբրիստների ապստամբությունից հետո հաջողակ իշխանուհու ոտքի տակից Ռուսաստանի հողն սկսում է փախչել, քանի որ, ասում են՝ հենց ինքն է կազմակերպել դեկաբրիստների կանանց՝ Տրուբեցկայայի եւ Վոլկոնսկայայի (իր ամուսնու եղբայր Նիկիտա Վոլկոնսկու կնոջ) մեկնումը Սիբիր՝ իրենց աքսորյալ սիրելի ամուսինների մոտ. սա երկրի միապետին զայրացրել էր։ Իսկ միապետն արդեն Նիկոլայ 1-ինն էր, չկար այլեւս Զինաիդայի բարեկամ Ալեքսանդրը, եւ նա ստիպված է լինում կրկին լքել Ռուսաստանը ու վերադառնալ իր սիրելի Իտալիա։ Իսկ գուցե միապետի զայրույթը իշխանուհուն հերոսացնելու փո՞րձ է, եթե հաշվի առնենք, որ Հռոմում նրան էր սպասում իտալացի կոմս Րիչին, որի հետ Զինաիդան այդուհետ ապրում է մի հարկի տակ՝ մինչեւ խոր ծերություն եւ նույնիսկ հանուն նրա հրաժարվում է ուղղափառությունից եւ դառնում երդվյալ կաթոլիկ։

Հռոմում նույնպես հավաքույթների տիրուհի էր, այստեղ՝ ռուս նշանավորներին ավելանում են իտալացի նշանավորները։ Ասում են՝ Նիկոլայ Գոգոլը ժամերով պառկում էր իշխանուհու կամարասրահում եւ անթարթ նայում կապույտ երկնքին։

Ամենակարեւորը չմոռանանք. իշխանուհի Զինաիդան տանել չէր կարողանում թեթեւամիտ ժամանցներ։ Նրա տանը ոչ ոք չէր համարձակվում թղթախաղի անուն տալ, աղմկոտ խնջույքները բացառվում էին, նույնիսկ չէին պարում։ Իսկ ահա զրույցները բարձր թեմաներով, գրական ընթերցումները, համերգները նրա տարերքն էին։

Իրոք, հետաքրքիր կին է եղել իշխանուհի Զինաիդան, եւ եթե դեմ չի եղել, որ հիանան իր գեղեցկությամբ՝ ի՞նչ վատ բան կա դրանում։ Ով կասի՝ ինքը դեմ է, հալած յուղի տեղ չընդունեք։

Կոմս Րիչիի մահից երկու տարի հետո իր սիրելիին է հետեւում նաեւ Զինաիդան։ Պատմում են, որ փողոցում վերարկուն նվիրել է ցրտից սառչող մի աղքատ կնոջ, եւ նրա փոխարեն ինքն է սառել, հիվանդացել ու մահացել։ Եվ երեւի սա սիրուն հեքիաթ չէ, որովհետեւ բազմաթիվ բարեգործությունների համար Հռոմում նրան գթասրտության մարմնացում էին համարում, աղքատ մարդիկ պաշտում էին նրան, եւ մինչ օրս հավերժական քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Զինաիդա Վոլկոնսկայայի անվամբ։

Կհարցնեք՝ ինչու՞ այս պատմության ոլորաններում «անհետ կորավ» Զինաիդայի ամուսին, իշխան Նիկիտա Վոլկոնսկին։

Եսի՞մ։

Նախորդ հոդվածը‘Դաշնակների, Երրորդ հանրապետության հիմնադրման եւ Առաջին հանրապետության գողացված փողերի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Չեք անցկացնի». Հայաստանի քաղաքացին պետք է իր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա’