‘Այսօր ծնվել է Ժան-Բեդել Բոկասան՝ մեծ մարդաս(կ)երը’

4121

Կյանքի վերջին տարիներին, ասում են, բուսակեր էր դարձել։ Իսկ մինչ այդ՝ հալալ-զուլալ մարդակեր էր։

Ծնվել է (1921-1996) Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Բոբանգի գյուղում։ Մբակա ցեղախմբից էր։ Վեց տարեկան էր, երբ ֆրանսիական գաղութարարների դեմ դուրս գալու համար հորը գնդակահարեցին, իսկ մայրն ինքնասպան եղավ։ Նրան պահող-շահող ազգականներն ուզում էին տղան քահանա դառնա, բայց խեղճ որբուկ Ժանոն այլ ծրագրեր ու մղումներ ուներ։ Գնաց ծառայելու այն ֆրանսիական բանակում, որը գնդակահարել էր իր հորը։ Պարզվեց՝ անզուգական մարդասպան է, եւ երկու տարի հետո ավագ սերժանտ դարձավ, հետո՝ կապիտան։ Մի շարք պարգեւների արժանացավ։ Մեկ էլ՝ օրերից մի օր Վիետնամում կապիտան Բոկասան մի քանի օր անհետանում է անտառներում, ու որ հայտնաբերում են նրան, պարզվում է՝ խարույկի մոտ նստած՝ վիետնամցի պարտիզանի մսի դեգուստացիայով է զբաղված։ Ընդամենը։ Քանի որ ֆրանսիացիները «չուտել մարդու միս», նրան անմիջապես վտարում են բանակից։

Կապիտան Ժանոն, իհարկե, չի հուսահատվում։ Հայրենիքը գրկաբաց սպասում էր իր հերոս զավակին։ Վերադառնում է ԿԱՀ, սկսում ծառայել զինված ուժերում։ Մայորի կոչում է ստանում։

1962-ին նրա զարմիկը՝ ԿԱՀ նախագահ Դավիդ Դակոն իր «ախպորը» նշանակում է զինված ուժերի շտաբի պետ ու գնդապետի կոչում շնորհում։ Երախտապարտ Բոկասան 1965-ին պետական հեղաշրջում է անում ու իր «ախպորը» փակում բանտում։ Դե, կարող էր եւ ուտել, բայց դե՝ շուն-գել՝ ախպեր էր։ Հետո Ժանոն նախագահ է հռչակում ինքն իրեն ու դառնում երկրում գործող միակ կուսակցության առաջնորդ։ 1972-ին սահմանադրությունը փոխում է եւ դառնում ցմահ նախագահ։ Մի քանի տարի քնում-վեր է կենում՝ մարդու միս է ուտում, քնում-վեր է կենում՝ մարդու միս է ուտում ու հանկարծ «Ոսկե ձկնիկ»-ի պառավի նման՝ սիրտն ուզում է, որ կայսր դառնա։ Այդպես էլ անում է. նորից սահմանադրությունը փոխում է ու բարով-խերով դառնում կայսր։

Ծանոթ եւ հարազատ պատմություն է, չէ՞։

1977-ի դեկտեմբերի 4-ին կայսր Ժանոն թագադրվում է։ Եվրոպական լավագույն վարպետները պատրաստում են նրա երկու հազար ադամանդներով զարդարված թագը (գինը՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Գահը ոսկուց էր, ծիրանին՝ ընձառյուծից։ Միայն արարողության համար գնում է 100 լավագույն արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա եւ 130 ճերմակ նժույգ։ Արարողության օրը հագած ոտնամանները հետագայում հայտնվում են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկարժեք «չստիկ»։ Շլացուցիչ շքեղությամբ կազմակերպված  ա լյա Նապոլեոն (Նապոլեոն Բոնապարտը Ժանոյի կուռքն էր) թագադրման արարողությանը հրավիրված էին աշխարհի բոլոր երկրների ղեկավարները, նույնիսկ Հռոմի պապը։ Այդ շրջանում արդեն ամենուր թնդում էր, որ Բոկասան մարդակեր է, եւ ոչ մի երկրի ղեկավար չներկայացավ (երեւի մտածեցին՝ գազան է, կերավ՝ կերավ), իսկ ահա հարյուրավոր դիվանագետների ու կինոաստղերի պակաս չկար։

1970-ին, բնականաբար, պաշտոնական այցով ժամանում է ԽՍՀՄ։ Ասում են՝ շատ է հավանում ռուսական կերակուրները եւ խնդրում է՝ իրեն սովետական խոհարար նվիրեն։ Խոհարարը նրա սառնարանում մարդու միս է տեսնում ու լեղապատառ փախչում սովետական դեսպանատուն։

Բայց սովետական փառապանծ իշխանությանը մարդակերությամբ չես զարմացնի։ 1973-ին նորի՛ց են հրավիրում եւ տանում ուղիղ… «Արտեկ» համամիութենական պիոներական ճամբար։ Երգում-պարում է մեր մարդակեր Ժանոն սովետական երջանիկ երեխաների հետ, պիոներները կարմիր փողկապ են կապում «բարի քեռու» վզին, ու… ամեն ինչ բարեհաջող է ավարտվում՝ Բոկասայի սիրտը, բարեբախտաբար, պիոների միս չի ուզում։

Ինքն ամենաշատը սիրում էր ընդդիմադիրների միս։ Ուտելուց առաջ էլ խոշտանգում էր. երեւի մի բան գիտեր, որ խոշտանգում էր։ Հնարավոր է՝ դրանից հետո մսեղենն ավելի համեղ ու կակուղ էր դառնում։

Շատ կնամեծար մարդ էր կայսր Ժանոն։ Մայրության օրվա առթիվ բանտից ազատում է բոլոր կանանց եւ հրամայում մահապատժի ենթարկել կնոջ պատվի դեմ հանցագործություններ կատարած տղամարդկանց։ Այնքան կնամեծար էր, որ կերավ նաեւ երկրի «Միսս ԿԱՀ» մրցույթում հաղթած գեղեցկուհուն։

Համ էլ հավատավոր էր։ Շա՛տ։ Անընդհատ ճանապարհներ էր փնտրում Աստծուն մերձենալու։ Բայց Քրիստոնեությունը ոնց որ թե էն չէր, չէր թողնում, որ Ժանոն մերձենար Աստծուն։ Ու որ գնաց իր մտերիմ ընկեր Մուամար Քադաֆիի մոտ, հենց Լիբիայում՝ հանդիսավոր պայմաններում 1976-ին իսլամի հետեւորդ դարձավ։ Անունն էլ փոխեց՝ Սալահ էդ-դին Ահմեդ Բոկասա։

Սալահը վերադարձավ ԿԱՀ, այստեղ էլ ձեռքը մեկնեց, տեսավ՝ չէ, Ալլահին չի հասնում։ Մտածեց՝ կաթոլիկ դառնամ, գուցե գործերս Աստծու հետ լավանա՞ն։ Ասաց ու դարձավ կաթոլիկ Ժանո։

Չնայած սա այլախոհների միս շատ էր սիրում, բայց ժողովրդավար Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենն էլ էր իր «ախպերը»։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ նրան համարում է իր ընտանիքի անդամը։ Հյուր էր գնում Ժանոյին, միասին որս էին անում։

Մի օր էլ կայսրը հրովարտակ է արձակում, որ իր երկրի բոլոր դպրոցականները համապատասխան համազգեստով դպրոց գնան։ Ծայրահեղ աղքատ երկրում նման հրամանը հունից հանում է հասարակությանը։ Բողոքի ցույցեր են սկսվում, որը ճնշվում է դաժանորեն։ Սպանվում են 100-ից ավելի երեխաներ։ Ողջ մնացած անչափահասներին ու ուսանողներին բանտ են տանում։ Ահա թե ինչ են պատմում ֆրանսիացի լրագրողները. «Մոտ 30 երեխայի բեռնատարով տարան նրա պալատի բակ, պառկեցրին գետնին, հարբած Բոկասոն հրամայեց վարորդին՝ մեքենայով անցնել կենդանի գորգի վրայով, վարորդը հրաժարվեց։ Ինքը նստեց ղեկին եւ այնքան ետ ու առաջ գնաց, մինչեւ մարեց վերջին ճիչը»։

Վերջապես ժողովրդի համբերության բաժակը լցվում է, հեղաշրջումից հետո կրկին նախագահ է դառնում Ժանոյի «ախպեր» Դակոն։ Կայսր Բոկասան փախչում է Լիբիա, բայց ի վերջո հանգրվանում է քաղաքակիրթ Ֆրանսիայում, ապրում է Արդիկուր ամրոցում։

1980-ին երկրում հեռակա դատավարությամբ մահապատժի վճիռ է կայացվում։ 1986-ին Բոկասան որոշում է կամավոր վերադառնալ ԿԱՀ՝ վստահ, որ ժողովուրդը նորից իրեն գահ կբարձրացնի։ Կամ էլ գուցե՝ մարդու մսի համն է կարոտած լինում։ Անմիջապես ձերբակալվում է, նոր դատավարություն է սկսվում։ Բոկասան կրքոտ պաշտպանվում է եւ արդար դատավորներին համոզում, որ իր սառնարանում դարսած մարդկանց միսը ուտելու համար չէր, խորհրդանշական նպատակ էր հետապնդում։ Օրինակ, ըստ Բոկասայի, թշնամու լյարդը հաջողություն է բերում։ Ամեն դեպքում մահապատիժ է որոշվում, հաջորդ տարին դառնում է ցմահ բանտարկություն, հետո՝ քսան տարի, իսկ 1993-ին ներում է շնորհվում «նախկին կայսրին»։

Երեք տարի հետո ինֆարկտից մեռնում է։ Փաստորեն՝ սիրտ էլ ուներ։

Բոկասան 19 կին ուներ եւ 77 օրինական երեխա։

Նրա երեխաներից մեկին՝ Սորբոնի համալսարանի ուսանող Անտուանին 80-ականներին ձերբակալում են եւ նրա սառնարանում գտնում մարդու մարմնի մասեր։ Եթե այդ մասերով եւ նրա խոստովանությամբ դատենք՝ Բոկասայի որդին հորից անհամեմատ ավելի կնամեծար էր, նա միայն կանանց միս էր ուտում։

2010-ին ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն հետմահու վերականգնում է Բոկասայի բոլոր իրավունքներն ու «բարի համբավը», հռչակում նրան «մեծ մարդասեր»։

Ի դեպ, Մոսկվայում Բոկասային հատկապես դուր էր եկել Լեոնիդ Իլյիչի հետ պաչպչվելը։ Պատմում են, որ կատակով (իբր) ասել է՝ հաճույքով կուտեի Բրեժնեւին։

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի քաղաքապետը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակից է’
Հաջորդ հոդվածը‘Ջեբ Բուշը դուրս է եկել նախագահական ընտրապայքարից’