‘Այսօր ծնվել է Ժան Ֆրանսուա Պիլատր դը Ռոզիեն. էլի մեկ զոհ՝ կասեր մեր Սունդուկյանը’

6321

Հուսով եմ, դեռ չեք հասցրել մոռանալ գնացքի առաջին զոհ, անգլիացի Ուիլյամ Հասկիսոնին։ Այս ֆրանսիացի երիտասարդն էլ (1756-1785) մոռացության չի մատնվել օդապարիկի առաջին զոհը դառնալու «շնորհիվ»։

Ոչ միայն առաջին զոհն էր։ Նաեւ առաջին մարդն էր, որ մինչ վերջին ճակատագրական փորձը՝ համարձակվել էր իր ընկերոջ հետ դեպի երկինք սավառնել օդապարիկով։ «Մարդ»-ը պատահաբար չշեշտեցի։ 1783-ի սեպտեմբերի 19-ին թղթով սոսնձած քաթանե օդապարիկը նույն այդ Ֆրանսիայի Աննոն քաղաքում հաղթահարեց 1800 մետր բարձրությունը տաք օդի միջոցով, եւ առաջին խիզախները երեքն էին՝ ոչխարը, բադը եւ աքլորը։ Ճիշտ է, նրանց ոչ ոք չէր հարցրել նախապես՝ ուզու՞մ եք արեգակին այդքան մոտիկից նայել, բայց քանի որ թռիչքը բարեհաջող ավարտվեց՝ հասարակության բուռն օվացիաների ներքո, դե, մեր մեծահոգի ընտանի բարեկամները մանրուքների հետեւից չընկան՝ կենդանիների պաշտպանություն, եսիմ ինչ…

Հաջորդ խիզախները մեր այս նույն Ժան Ֆրանսուա դը Ռոզիեն եւ մարկիզ Ֆրանսուա Լորան դ՚Արլանդն էին։ Չմոռանամ ասել, որ այս անգամ էլ Ֆրանսիայի թագավոր Լուդովիկոս XVI-ը մեջտեղ ընկավ (մեկը լիներ, ասեր՝ քո ինչ գործն է, տեղդ նստիր, երկիրդ ղեկավարիր)՝ առաջարկելով մահապատժի դատապարտված երկու հանցագործի ուղարկել «արեգակին մոտիկից նայելու»։ Ողջ կմնան՝ գիլյոտինի բաժին չեն դառնա, կմեռնեն՝ տեղն է դրանց։ Բայց երկու Ֆրանսուաներին հաջողվեց համոզել «մարդասեր» Լուդովիկոսին, որ ախր՝ էդպես չի լինի, ինչի՞ եք ուզում դափնեպսակը հանցագործների վզից կախել, բա դա անելու բա՞ն է։ Կարճ ասած՝ իրենք թռան։ Այս անգամ էլ թռիչքը բարեհաջող ավարտվեց։ Նույն տարվա նոյեմբերի 21-ն էր։

Ի դեպ, այդ ժամանակ «օդապարիկ» չէին ասում, ասում էին. «Լսիր, Ժանո կամ Պիեռո, ի՞նչ կասես, մոնգոլֆիե չնստե՞նք, մի քիչ էն վերեւներում պտտվենք»։ Օդապարիկի ստեղծման առաջնությունը պատկանում է Ժոզեֆ եւ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներին, եւ տարօրինակ բան չկա, որ իրենց ստեղծածն իրենց անվամբ էր կոչվում։ Չնայած՝ որ լավ մտածենք, հեչ էլ արժանի չեն, քանի որ եղբայրներից ոչ մեկը երբեւէ օդապարիկ չի նստել։ Որովհետեւ, հասկանում եք, էլի, հայրիկը երդում էր կորզել նրանցից, որ նման «ղալաթ» չեն անի։ Ի դեպ, նրանք մրցակից ունեին՝ Ժակ Ալեքսանդր Սեզար Շարլն էր։ Ի տարբերություն Մոնգոլֆիե եղբայրների, որ տաք օդի միջոցով էին երկինքը նվաճում, Շարլը դրա համար օգտագործում էր ջրածին, եւ կրկին ի տարբերություն Մոնգոլֆիեների՝ Շարլը երդում չկերավ ոչ հայրիկի առաջ, ոչ էլ մայրիկի, եւ իր ստեղծած օդապարիկով ճամփորդության մեկնեց նույն տարվա դեկտեմբերի 3-ին։ Ավելին, հարազատ եղբորն էլ հետը տարավ։ Բայց այս պատմությունը նրանց մասին չէ։

Արդեն ասացի՝ առաջինն այդ «ղալաթն» արեցին մեր սիրելի ընտանի կենդանիները, հետո՝ մեր ֆիզիկոսն ու մարկիզը (25 րոպե տեւողությամբ, 1000 մետր բարձրությամբ)։

Դե, ո՞վ լիներ, որ չոգեւորվեր։ Ահա եւ ոգեւորվեց Պիլատր դը Ռոզիեն, առավել կատարելագործեց օդապարիկը եւ որոշեց թռչել Լա Մանշի վրայով։

1785-ի հունիսի 15-ին իր ընկեր Ռոմենի հետ երկինք բարձրացան եւ այլեւս չվերադարձան։ Ավելի ճիշտ՝ հրդեհի ճարակ դարձած օդապարիկը վայրէջք կատարեց՝ իր հետ երկիր իջեցնելով երկու անշունչ մարմին։ Երկուսն էլ երեսունը նոր էին բոլորել։

Տխրեցի՞ք։ Ես էլ…

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Այսօր մարտիմեկյան սպանդի զոհ Զաքար Հովհաննիսյանի տարեդարձն է ‘
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Դավթաշենում’