‘Այսօր ծնվել է Լեւոն Խեչոյանը՝ «մհերյան անսահման»-ի ճամփորդը’

2086

Քայլ ես անում ու քայլն անելիս մտածում ես, խոսք ես ասում ու հետն էլ լարվում ես, տող ես գրում ու մեկ էլ կանգ ես առնում՝ ինքն այստեղ լիներ՝ քեզ ի՞նչ հայացքով կնայեր, ի՞նչ կասեր, կամ եթե լռեր, այնպես կլռեր, որ ամաչեի՞ր քայլիդ, խոսքիդ, տողիդ համար, թե՞ թեթեւություն կամ հպարտություն զգայիր։

Լեւոն Խեչոյանն է (1955-2014)։

Գրել՝ մեզ է թողել ու ճամփա ընկել. «Մեր ամենաառաջին նախնու եւ մեր հիմիկվա մարդու միջեւ հարյուրավոր դարերի բաժանարար խորխորատներ կան, սակայն մեր անգիտակցական՝ հոգեւոր հավաքական բովանդակության մեջ գտնվող նախաստեղծ հյուլեն Հայասայի, Նաիրիի, Ուրարտուի ժամանակներից մինչեւ հիմա էլ հազարավոր տարիներ ուղեկցում է մեզ, մեր ներկա բանականության մեջ է։ Մհերի միջոցով մի դարաշրջանից մյուս դարաշրջանի  քաղաքակրթությանն է ուղեկցել, հենց դա, այդ անտեսանելին, չկոտրվող  ամբողջականն էլ մհերյան անսահմանն է» («Մհերի դռան գիրքը»)։

Մխիթարու՞մ է։ Ու՞ժ է տալիս։ Հպարտությու՞ն է ներարկում մեր սմքած երակների մեջ։ Կործանարար ու սին սնապարծության մեր մեծ կաթսայի մեջ մի շերեփ էլ ի՞նքն է ավելացնում ակամա։

Ընտրողը մենք ենք։

Ինքն իր հողեղեն կյանքն ապրել է այնպես, ինչպես գրել է։ Ոչ մեզ է խաբել, ոչ՝ ինքն իրեն։ Իր ճշմարտությունն ում է դուր եկել, ում՝ ոչ, իրենց գործն է։ Ինքն այլ կերպ չէր կարող ու չի կարողացել։ Որովհետեւ Լեւոնը կեղծել չգիտեր։ Ու որ չգիտեր, հեռանալուց հետո այն մարդկանցից դարձավ շատերիս համար, որոնց համար Լեւոն Խեչոյանի ներկայությունը միշտ կա։

Ու լինելու է միշտ։ Որովհետեւ կեղծիքն աներես ու լպիրշ ցեցի պես ընկել է մեր «այդ անտեսանելի, չկոտրվող  ամբողջական»-ի մեջ ու լափում է, ավերում է, ոչնչացնում է «մհերյան անսահմանը», ու այս միջատ-արհավիրքից ազատվելու, փրկվելու մի ճանապարհն էլ Լեւոնի գրականությունից կառչելն է։

Չեմ գրում Գրող Լեւոն Խեչոյանի կենսագրությունը։

Ինքն այստեղ է։

Եթե ուզենա, ինքը կպատմի։

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ու արժե՞ր ուսուցչին վերածել սերիական հանցագործի’
Հաջորդ հոդվածը’20-ամյա Լուսինեն հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնըքանի տարվա փորձ ունեցող ոհմակախմբին’