‘Այսօր ծնվել է Կլաուս Մանը՝ երջանիկ հոր դժբախտ զավակը’

2004

Ի՞նչը խանգարեց այս մարդուն՝ ապրել երջանիկ ու անհոգ։ Կարծես, դրա համար բոլոր պայմանները կային։ Հայրը հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Մանն էր, մայրը՝ փայլուն կրթություն ստացած Կատեն, դուստրն էր մաթեմատիկոս, պրոֆեսոր եւ վերջապես՝ մեծ կարողության տեր Ալֆրեդ Պրինգսհայմի։ Հորեղբայրը հայտնի գրող Հայնրիխ Մանն էր։ Վեց քույր ու եղբայր էին, որոնք գաղափար չունեին, թե ինչ ծանր բաներ են կարիքն ու սովը, ծնողները նրանց ոչ մի երկրային հաճույքից չէին զրկում։ Հիանալի եւ հարուստ գրադարան ունեին, եւ բոլորն էլ գիր-գրականության մարդիկ էին։ Իսկ ինքը՝ Կլաուս Մանը (1906-1949), գեղեցիկ երիտասարդ էր, դեռ պատանի էր, որ բոլորը նկատեցին՝ խելացի է ու տաղանդավոր։ Ճիշտ է, մեծամիտ էր ու անկանխատեսելի, ինչի պատճառով մի մասնավոր գիշերօթիկ դպրոցից մեկ այլ գիշերօթիկ էին «գործուղում», մինչեւ որ որոշեց կիսատ թողնել ուսումը, բայցեւ՝ դեռ 18 տարեկան էր, որ գրեց հենց այդ գիշերօթիկների վարքուբարքի մասին պատմող «Անյա եւ Էսթեր» պիեսը, որը ցնցեց թատերական աշխարհը։ Իսկ ցնցվելու պատճառ կար. 20-րդ դարի սկիզբն էր, իսկ պիեսի հերոսները լեսբուհիներ էին։ Նույնասեռական գործող անձանց կերպավորողներն էլ էին նույնասեռական՝ իր քույր Էրիկան, բանաստեղծ Ֆրանկ Վեդեկինդի դուստր Պամելան, Գուստավ Գրյունդգենսը, եւ ինքը՝ Կլաուսը։ Պիեսը բեմ բարձրացավ Համբուրգում, մեծ աղմուկ հարուցեց, իսկ ահա այս քառյակը վերցրեց ու մի տարօրինակ քայլ արեց։ Կլաուսը նշանվեց Պամելայի հետ, Գուստավն ամուսնացավ Էրիկայի հետ։ Առաջին զույգի «սիրո պատմությունը» չհասավ «համատեղ երջանիկ կյանքի» սանդղակին, իսկ Գուստավն ու Էրիկան մի տարի հետո բաժանվեցին (եթե համարենք՝ իրո՛ք միացած էին), ինչը փաստաթղթային ձեւակերպում ստացավ 1929-ին։

Ի դեպ, 1935-ին Էրիկային՝ նացիստական Գերմանիայից դուրս պրծնելու համար, օգնության է հասնում անգլոամերիկացի բանաստեղծ, նույնպես նույնասեռական Ուիսթեն Օդենը եւ ամուսնանում նրա հետ, որ Էրիկան կարողանա հաստատվել Մեծ Բրիտանիայում, այս կեղծ ամուսնությունը ընդհատվում է Էրիկայի մահվամբ՝ 1969 թվականին։ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո, ի դեպ, Էրիկան այն սակավաթիվ կանանցից էր, որը լուսաբանում էր Նյուրնբերգյան դատավարությունը։

Եվ այսպես, 1927-ին Կլաուսը քրոջ՝ իր ողջ կյանքի միակ հավատարիմ ընկեր Էրիկայի հետ, Մյունխենից ճամփա է ընկնում Բեռլին, եւ սկսվում է նրանց հյուրանոցային կյանքը։ ԱՄՆ, Ճապոնիա, Կորեա, ԽՍՀՄ. այս ճամփորդությունների մասին է Կլաուսի եւ Էրիկայի հեղինակությամբ «Շուրջը» գիրքը։ Իրենց հոր համաշխարհային հռչակի շնորհիվ՝ նրանց  ամեն տեղ գրկաբաց էին ընդունում, հիմնականում ապրում էին ծնողների հաշվին ու միշտ տուն էին վերադառնում պարտքերի մեջ խրված։ Նոբելյան մրցանակի դրամական պարգեւը Թոմաս Մանին հազիվ բավականացրեց, որ իր սիրասուն զավակների պարտքերը փակի։ Նացիստների իշխանության գալուց հետո նրանք լքում են Գերմանիան, նախ՝ հաստատվում են Փարիզում, հետո՝ Ամստերդամում։ 1934-ին Կլաուս Մանը մասնակցել է ԽՍՀՄ գրողների միության համագումարին, ինչը, ըստ կենսագիրների, տարօրինակ է, քանի որ երբեք պրոլետարների եւ կոմունիզմի նկատմամբ նա, այսպես ասած, քնքշանք չի տածել։ Ի դեպ, 1931-1949 թվականներին նա օրագիր է պահել, որը հետագայում լույս է ընծայվել վեցհատորյակով։ Ահա այստեղ այսպիսի տողեր կան ԽՍՀՄ-ի մասին. «Մոսկվա, «Մետրոպոլ» հյուրանոց… Իշխանական հյուրընկալություն։ Քաղաքի դիտում, մետրոյի կառուցում, կոլխոզ։ Այց խանութ՝ սարսափելի տպավորություն։ Այս երկրում անսովոր հետաքրքրություն կա գրականության նկատմամբ, սակայն, թղթի հավերժական պակասություն էլ կա»։

Կլաուսը նաեւ զինվորական թղթակից է եղել Իսպանիայում։ 1936-ին արտագաղթել է ԱՄՆ, 1943-ին՝ քաղաքացիություն ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ամերիկյան բանակում, կռվել է Հարավային Աֆրիկայում եւ Իտալիայում։

Գրում էր տենդագին։ 26 տարեկանում արդեն հասցրել էր գրել երկու պիես, երեք վեպ, վիպակների եւ պատմվածքների երեք ժողովածու։ Նրա ամենահայտնի գործը «Մեֆիստո. մի կարիերայի պատմություն»-ն է։ Հերոսը հաջողակ դերասան է, ռեժիսոր, մայրաքաղաքային թատրոնների տնօրեն։ Նա վաճառում է իր տաղանդը հանուն կարիերայի, բարեկեցության եւ փողի։ Հարմարվողականության ճանապարհը բռնելով՝ դառնում է ֆաշիստական ռեժիմի մասնակից։ 1981-ին հունգար ռեժիսոր Իշտվան Սաբոն այս վեպի հիման վրա նկարահանում է ֆիլմ, Հենդրիկ Հյովգենի դերը կերտում է դերասան Կլաուս Մարիա Բրանդաուերը, եւ ֆիլմը «Օսկար» ու բազմաթիվ այլ մրցանակների է արժանանում։ Բայց սա՝ տարիներ հետո, երբ այլեւս վաղուց Կլաուս Մանը ողջ չէր։ Իսկ մինչ այդ՝ չնայած Կլաուսի հերոսի անունը Գուստավ չէր, բայց հենց առաջին տողերից հասկանալի էր, որ խոսքն իր նախկին փեսա Գուստավ Գրյունդգենսի մասին է, որը կարդաց գիրքը, դատի տվեց հեղինակին՝ իր բարի համբավը արատավորելու համար («հարազատ» ձեւակերպում է, չէ՞, ՀՀ լրագրողների համար) եւ դատը շահեց։ Ըստ դատարանի վճռի՝ նա ապրել էր նացիստական Գերմանիայում, վայելել էր նացիստների սերն ու մատուցած բարիքները, բայց նրանց հետ չէր համագործակցել։ Համագործակցել էր, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց այս դեպքում արժե հիշել Գյոթեի հերոս Վիլհելմ Մայստերի հետեւյալ խոսքը. «Ես ներում եմ դերասանին մարդկային բոլոր թուլությունների համար, բայց չեմ ներում մարդուն՝ դերասանի ո՛չ մի թուլություն»։ Իսկ Գուստավն այդ տարիների ընթացքում հռչակավոր դերասան ու ռեժիսոր էր դարձել, եւ նրա մարդկային թուլությունները քչերին էին հետաքրքրում։ Եվ Կլաուսի սիրո ու վրեժխնդրության այս խոստովանությունն արգելվում է Գերմանիայում, հրատարակիչները հրաժարվում են տպագրել գիրքը, եւ ըստ կենսագիրների՝ հենց սա էլ պատճառ է դառնում, որ Կլաուսը հսկայական քանակությամբ քնաբեր կուլ տա եւ հավերժ քնի։ (Ի դեպ, կենսագիրները նաեւ պնդում են, որ Գուստավը նույնասեռական չի եղել երբեւէ եւ տեղյակ չէր Կլաուսի՝ իր հանդեպ ունեցած զգացմունքի մասին)։

Սակայն, իրո՞ք «Մեֆիստո»-ն էր Կլաուս Մանի ինքնասպանության պատճառը։ Գուցե սա ընդամենն առի՞թ էր, իսկ պատճառները կուտակվել էին տարիների ընթացքու՞մ։ Վաղաժամ հասունացած պատանի, հոր հանդեպ քնքշալի սեր ու ակնածանք ունեցող որդի եւ ի պատասխան՝ որդուն եւ որդու ստեղծագործությունները օտարի քմծիծաղով ընդունող, «ընտանիքի օրինավոր հայր», որը սրբորեն կատարում էր իր ամուսնական պարտականությունները, հմտորեն թաքցնում իր ակնհայտ թուլությունը գեղեցիկ պատանիների նկատմամբ՝ ի տարբերություն որդու, որն այդպես էլ ամուսնությամբ չվարագուրեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, երբեւէ սեփական տանիք չունեցավ, եւ երբ մարեց՝ կրկին օտար հյուրանոցում էր։ Չնայած իր պատկառելի չափի գրական ժառանգությանը՝ ողջ կյանքն ապրեց ծնողների օգնությամբ։ Եվ ընդհանրապես, այս ընտանիքում ինքնասպանությունը, կարելի է ասել՝ «գեղեցիկ ավանդույթ» էր։ Թոմաս Մանի երկու քույրերը նույնպես ինքնասպանությամբ վերջ էին տվել իրենց կյանքին։ Կլաուսի կյանքում մեծ տեղ գրավող քաղաքականությունը նույնպես իր սեւ գործն արեց. նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակից հետո սկսվեց սառը պատերազմը, եւ Կլաուսի՝ գեղեցիկ ու խաղաղ աշխարհ տեսնելու հույսը փուլ եկավ վերջնականապես։

Եվ վերջապես, Կլաուս Մանը թմրամոլ էր եւ, կարելի է ասել, վատնել էր իր կենսական ուժերը։ Թմրանյութերը քայքայել էին նրա առողջությունը եւ դիմադրելու կամքը։ 1948-ին արդեն իսկ ինքնասպանության փորձ էր արել, բայց ողջ էր մնացել։

Ի դեպ, այս գրեթե մարգարեական խոսքի հեղինակը Կլաուս Մանն է, գրել է հիտլերյան Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո. «Դուք, իհարկե, վրդովված եք, ցնցված եք, մտահոգված եք։ (Որքա՞ն կկարողանա դիմակայել Ռուսաստանը։ Կծածանվի՞ Կրեմլի վրա սվաստիկայով դրոշը, ինչպես փողփողում է պրահյան Գրադչինի կամ Փարիզի վրա)։ Եվ ամեն դեպքում՝ թեթեւության զգացում կա։ Օդը մաքրվել է։ Ստալինի այդ պակտը Հիտլերի հետ՝ համաշխարհային պատմության մեծագույն այլանդակություններից էր, որն այժմ անցյալ դարձավ… Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Կարմիր բանակն իրոք այդքան թույլ է, ինչպես, երեւի, բոլորն են մտածում՝ ներխուժումը թանկ է նստելու Հիտլերի վրա… Սա վերջի սկիզբն է»։

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. “Winter is coming”. «Ձմեռը գալիս է»’