‘Այսօր ծնվել է Միրիամ Մակեբան՝ «Աֆրիկայի մայրը»’

2857

Համաշխարհային հռչակի հասած առաջին սեւամորթ հարավաֆրիկացի երգչուհին է։

Ծնվել է (1932-2008) ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքում։ Ծնողները բանտու ցեղախմբից էին։ Հայրը մահացավ, երբ Միրիամը դեռ վեց տարեկան էր։ Երգել սկսեց մանկուց՝ սկզբում սիրողական խմբերի հետ։ Պրոֆեսիոնալ կարիերան սաղմնավորվեց անցյալ դարի 50-ական թվականներից՝ Manhattan Brothers խմբում։ Հետագայում ստեղծում է իր սեփական խումբը՝ The Skylarks (Արտույտներ)՝ ջազի եւ Հարավային Աֆրիկայի ավանդական մեղեդիների յուրօրինակ համադրմամբ։

1959-ին իր ապագա ամուսնու՝ կոմպոզիտոր, երգիչ եւ փողհար Հյու Մասեկելայի (ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար, սցենարիստ, դերասան Սալ Մասեկելայի հայրն է) հանդես է գալիս «Քինգ Քոնգ» մյուզիքլում։ Նրանց համատեղ կյանքը երկու տարի է տեւում (1964-1966)։ 1959-ին նկարահանվում է Լայոնել Ռոգոզինի «Վերադարձիր, Աֆրիկա» վավերագրական ֆիլմում եւ մասնակցում Վենետիկի կինոփառատոնին։

Մեկնում է Լոնդոն, համագործակցում է դերասան, երգիչ, կալիպսո երաժշտության արքա Հարի Բելաֆոնթեի հետ։ Հենց նրա հետ էլ 1966-ին արժանանում է «Գրեմմի» մրցանակի՝ ազգագրական ոճի լավագույն ալբոմի համար (An Evening With Belafonte/Makeba)։ Ալբոմը նվիրված էր Հարավային Աֆրիկայի Հանրապետության սեւամորթ բնակչության ողբալի վիճակին։

1960-ին մահանում է Միրիամ Մակեբայի մայրը, եւ նա չի կարողանում վերջին հրաժեշտը տալ մորը, քանի որ պարզվում է՝ ինքն այլեւս անձնագիր չունի։ Սա ՀԱՀ-ի իշխանությունների պատասխանն էր իր հայրենակիցների քաղաքացիական իրավունքների համար պայքարող երգչուհուն։ 1963-ին նա ՄԱԿ-ում ելույթ է ունենում ապարտեիդի դեմ եւ վերջնականապես զրկվում ՀԱՀ-ի քաղաքացիությունից եւ երկիր վերադառնալու իրավունքից։ Ի պատասխան՝  բազմաթիվ երկրներ Միրիամին պատվավոր քաղաքացի են դարձնում. նա ինն անձնագիր ուներ։

1968-ին ամուսնանում է տրինիդադյան ակտիվիստ, նույնպես քաղաքացիական իրավունքների համար պայքարող Սթոքլի Կարմայքլի հետ։ Այս ամուսնությունը բոլորովին ԱՄՆ-ի սրտով չէր. Միրիամի բոլոր ծրագրած ձայնագրություններն ու համերգները չեղյալ են հայտարարվում։ Ամուսինները ստիպված են լինում փոխադրվել Գվինեա, նրանց գրկաբաց ընդունում է երկրի նախագահ Ահմեդ Սեկու Տուրեն։ 1973-ին Սթոքլին ու Միրիամը բաժանվում են։ Միրիամը շարունակում է իր ստեղծագործական եւ քաղաքացիական ակտիվ գործունեությունը։ Նա ՄԱԿ-ում Գվինեայի ներկայացուցիչն էր եւ 1986-ին խաղաղության համար պայքարի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դագ Համմերշյոլդի անվան մրցանակի արժանացավ։

1990-ին Նելսոն Մանդելան համոզում է Միրիամին վերադառնալ հայրենիք։ 1991-ի նոյեմբերին նա նկարահանվում է «Բիլի Քոսբիի շոու» կոմեդիայում, 1992-ին խաղում է «Սերաֆինա» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը 1976-ին ՀԱՀ-ում երիտասարդական հուզումների մասին էր։ 2002-ին նկարահանվում է «Amandla!: A Revolution in Four-Part Harmony» վավերագրական ֆիլմում, որտեղ՝ այլ մասնակիցների հետ, խոսում է ապարտեիդի մասին։

2000-ի հունվարին լույս է տեսնում նրա «Հայրենիք» ալբոմը. «Գրեմմի»-ի հավակնորդ էր «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգում։

2001-ին պարգեատրվում է «Ատոմային քիմիայի հայր» Օտտո Գանի անվան խաղաղության մեդալով, 2002-ին՝ Polar Music Prize-ին։ 2004-ին 100 հռչակավոր հարավաֆրիկացիների ցուցակում 38-րդն էր։

2005-ին սկսում է հրաժեշտի համերգային շրջագայությունները։

2008-ի նոյեմբերի 9-ին նրա ինքնազգացողությունը վատանում է Իտալիայում, համերգի ժամանակ։ Համերգն աջակցություն էր գրող Ռոբերտո Սավիանոյին, որի «Գոմորրա» վեպը՝ իր երկրում իշխող կազմակերպված հանցագործությունների մասին, դուր չէր եկել ոչ մաֆիային, ոչ նրանց «թանկագին բարեկամ» Բեռլուսկոնիին։ Երգչուհին սրտի նոպա է ունենում իր հայտնի Pata Pata երգից հետո։ Նրան փրկելու ջանքերն ապարդյուն  են անցնում, եւ հաջորդ օրը մահանում է հիվանդանոցում։։

Մեկ դուստր ուներ։

Վայելեք Միրիամ Մակեբայի երգերը։ «Աֆրիկայի մայր» կոչվելու պատվին արժանանալն ամեն մարդու բան չէ։  

Նախորդ հոդվածը‘Հանրապետական կուսակցության շարքերում խուճապ է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’