‘Այսօր ծնվել է Ուիլյամ Հասկիսոնը. հռչակավոր դարձավ մահվան գնով’

3347

Շոգեքարշի գյուտարարներից մեկի՝ Ջորջ Ստեֆենսոնի առաջին զոհն է։

Լավ, հերթով պատմեմ։

Ծնվել է (1770-1830) Մեծ Բրիտանիայի Վուսթերշիր կոմսությունում։ 13 տարեկանից մինչեւ 23-ն ապրել է Փարիզում՝ դեսպանատան բժիշկ հորեղբոր հետ (թե ինչու էր հորեղբոր հետ ապրում, չհաջողվեց պարզել)։ Բնականաբար, Ֆրանսիայի հեղափոխության ականատեսներից էր, բայց թե ինչ կարծիք ուներ այդ գիլյոտինախեղդ հեղափոխության մասին՝ սա էլ չհաջողվեց պարզել։

1793-ին վերադառնում է հայրենիք եւ անմիջապես Նորթումբերլանդ կոմսությունից ընտրվում խորհրդարանի պատգամավոր, ու 37 տարի անընդմեջ՝ մինչեւ մահ, ընտրվում էր ու ընտրվում։ Զուգահեռաբար համեստ պետական պաշտոնյա էր, միայն քսան տարի հետո՝ 1823-ին առեւտրի նախարար դարձավ. ազատ առեւտրի ջատագովներից էր։ 1828-ին հրաժարական տվեց՝ վարչապետ Արթուր Վելինգտոնի հետ տարաձայնությունների պատճառով։

Ի դեպ, հենց այս Վելինգտոնին ինչ-որ բան ասելու համար փորձեց անցնել երկաթգծի հակառակ կողմը եւ…

Լավ, հերթով պատմեմ։

1830-ի սեպտեմբերի 15-ին Լիվերպուլ-Մանչեսթըր երկաթուղագծի բացման արարողության ժամանակ Հասկիսոնը փորձեց անցնել երկաթուղագծի հակառակ կողմը, բայց Ստեֆենսոնի հեղինակած շոգեքարշը վրա հասավ ու ջնջխեց նրա ոտքը։ Հենց շոգեքարշով էլ նրան հասցրին մոտակա հիվանդանոց, ի դեպ՝ մեքենավարի դերն ստանձնեց նույն ինքը՝ Ջորջ Ստեֆենսոնը, բայց Հասկիսոնին փրկել չհաջողվեց, չորս ժամ հետո նա մահացավ։

Եվ այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե այդ խեղճ մարդն ինչ էր ուզում ասել վարչապետ Վելինգտոնին։

Բայց ահա աշխարհն իմացավ, որ Մեծ Բրիտանիայում ապրում էր Ուիլյամ Հասկիսոն անունով մի մարդ, որը ճակատագրի դաժան հեգնանքով հռչակավոր դարձավ միայն այն պատճառով, որ հենց ինքն էր գնացքին բախվող առաջին զոհը։

Այլ բան չհաջողվեց պարզել Հասկիսոնի մասին։ Հա՛, պեղեցի նաեւ մի տեղեկություն, ըստ որի՝ իր մեղրամիսի ժամանակ հրաշքով է փրկվել մահից. ձին ոտնատակ է տվել նրան, բայց բանը մահով չի ավարտվել։ Դե, մսից-արյունից կազմված սիրուն ձին ու՜ր, երկաթե ձին՝ ուր։ Ամեն դեպքում այս ձիու պատմությունն էլ բացահայտեց, որ Հասկիսոնն ամուսնացած է եղել։

Եվ այսպես, 1830-րդ պատգամավոր Հասկիսոնը գնացքի տակ ընկնելու «շնորհիվ» անմահացավ, եւ նրա հուշարձանն այժմ վեր է հառնել Լոնդոնում, իսկ Լիվերպուլի երկաթուղագծի կողքին էլ մի հուշաքար է դրված, որը պատմում է, թե ինչպես մի օր Հասկիսոնը ոտքը դրեց ռելսին ու… Մնացածն արդեն գիտեք։

Սակայն, արդարացի չի լինի Հասկիսոնին հիշելն ու Ջամբոյին մոռանալը։ Հետո՞ ինչ, որ Ջամբոն պետական գործիչ չէր, այլ ընդամենը կրկեսի փիղ էր։ Եվ արմանք-զարմանք բան. 1885 թվականի հենց այն նույն սեպտեմբերի 15-ին, երբ Հասկիսոնն ընկավ գնացքի տակ, Կանադայի Սեն Թոմաս քաղաքում, հյուրախաղերի ժամանակ գնացքի զոհ է դառնում նաեւ Ջամբո փիղը։ Ամերիկացի հայտնի աճպարար եւ այդ նույն կրկեսի տնօրեն Բարնումը հետագայում պատմում էր, որ Ջամբոն զոհվել է կրկեսային փոքրիկ փղիկին փրկելու գնով։ Ճիշտ էր ասում, թե սուտ՝ ինքը կիմանա, բայց սիրուն պատմություն է։ Ահա այս փղի հուշարձանն էլ Սեն Թոմաս քաղաքի բնակիչները հեղինակեցին։

Իսկ հայերիս մտքով այդպես էլ չանցավ Վովա փղի հուշարձանը կանգնեցնել։ Հին երեւանաբնակները լավ կհիշեն, թե ինչպես 1970 թվականի հունիսի 28-ին Վովան ընդվզեց մեր կենդանաբանական այգու «հիանալի պայմանների» դեմ եւ գազազած մտավ Երեւան։ Այս անգամ նրան սպանողը գնացքը չէր, զրահատանկն էր։ Սովետական ազատ, լայնարձակ եւ հզոր պետությունում այլ ելք չգտան՝ սպանելուց բացի։

Դե, գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ում ազատասերներին չէին սիրում։ Շատ մեղմ ասած։

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Իրաք. ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է’