‘Այսօր ծնվել է Ջակոմո Պուչինին. խելահեղ արագությունը նրա տարերքն էր’

2689

Մի անգամ, ուրեմն, մաեստրոյին ճաշի է հրավիրում մի տիկին եւ այնքան քիչ ուտելիք է դնում սեղանին, որ մեր քաղցած Ջակոմոն քաղցած էլ պատրաստվում է հեռանալ։ «Առատաձեռն» տիկինն ասում է. «Խնդրում եմ, ժամանակ գտեք, մի անգամ էլ եկեք ինձ մոտ ճաշելու»։ «Հաճույքո՜վ,- պատասխանում է Պուչինին,- թեկուզ հե՛նց հիմա»։

Ժամանակակիցները պատմում են, որ սրամիտ մարդ էր իտալացի մեծ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին (1858-1924)։ Եվ ոչ միայն։ Երկփողանի հրացանն ուսին գցած որսի է գնացել, առագաստանավակով՝ ձկնորսության, առաջիններից է եղել, որ ավտոմեքենա գնել (1900 թվականին), եւ խելահեղ արագությունը նրա տարերքն էր։ Կարճ ասած՝ «ավարայի» մեկն էր օպերային գլուխգործոցների հեղինակ այս Պուչինին։

Ծնվել է Իտալիայի Լուկա քաղաքում, երաժիշտների տոհմում, յոթ երեխաներից մեկն է։ Հինգ տարեկան էր, երբ հայրը մահացավ, եւ նրան ուղարկեցին հորեղբոր՝ Ֆորտունատո Մաջիի մոտ սովորելու։ Այս Ֆորտունատո կոչեցյալը յուրաքանչյուր կեղծ նոտայի համար անգթորեն աքացի էր հասցնում խեղճ երեխայի սրունքներին, եւ եթե հավատանք նրա պնդումներին, որ Պուչինին վատ եւ անկարգ աշակերտ էր, դժվար չէ պատկերացնել, թե աքացիների ինչ «սեանսներ» է համտեսել Ջակոմոն, եւ թե ինչու է ողջ կյանքում կեղծ նոտայից սրունքների շրջանում բնազդաբար սուր ցավ զգացել։

Ողջ-առողջ դուրս պրծնելով հորեղբոր ճանկերից, Պուչինին դառնում է եկեղեցական երգեհոնահար եւ խմբավար։ Օպերա գրելու նրա ցանկությունը ծնվել է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան լսելուց հետո։

Չորս տարի սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1882-ին մասնակցել է մեկ գործողությամբ օպերայի մրցույթին։ Չնայած առաջին մրցանակ չի ստացել, բայց նրա «Wilis» օպերան բեմադրվել է Dal Verme թատրոնում եւ գրավել ազդեցիկ հրատարակչատան տնօրեն Ջուլիո Ռիկորդիի ուշադրությունը։ Հենց նա էլ Պուչինիին պատվիրում է նոր օպերա գրել («Էդգար»)։

Երրորդը «Մանոն Լեսկո»-ն էր 1893-ին, որը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Հաջորդը «Բոհեմ»-ն էր. սա նույնպես Պուչինիին համաշխարհային հռչակ բերեց։ Հետո «Տոսկա», հետո «Մադամ Բաթերֆլայ» («Չիո Չիո Սան»), որն, ի դեպ, շռնդալից տապալվում է եւ մաեստրոյին հուսահատության գիրկը նետում։ Ընկերները համոզում են, որ վերամշակի օպերան, համոզվում է, եւ դրանից հետո մադամ Բաթերֆլայի հանդիպումը հանդիսատեսի հետ անսահման ջերմ էր. յոթ անգամ բեմ են հրավիրվում դերասաններն ու կոմպոզիտորը։

Սակայն, որտեղ վերելք, այնտեղ էլ՝ վայրէջք. հաջողությունը կարծես երես է թեքում Պուչինիից։ Նախ՝ խելահեղ արագության սիրահար մաեստրոն, կնոջ եւ որդու հետ տուն վերադառնալիս, չի նկատում զառիթափը, եւ նրանք՝ ընտանյոք հանդերձ, հինգ մետր բարձրությունից գահավիժում են ավտոմեքենայով։ Բարեբախտաբար, բոլորը ողջ են մնում, բայց Պուչինին ուղեղի ցնցում է ստանում, եւ նրա բազմաչարչար սրունքոսկրը կոտրվում է։ Երկարատեւ բուժումից հետո նրա տանը մեծ սկանդալ է պայթում։ Կոմպոզիտորի կինը՝ Էմիլիան, խանդից կուրացած հարձակվում է տնային ծառայողի վրա՝ մեղադրելով նրան իր ամուսնու հետ սիրային կապի համար։ Եվ… աղջիկն ինքնասպանություն է գործում։ Իրո՞ք, Պուչինին եւ նա սիրային կապ են ունեցել՝ հայտնի չէ։ Աղջկա հարազատները դատի են տալիս Պուչինիին, դատարանի վճռով վերջինս ինչ-որ գումար է վճարում նրանց, իսկ թե խեղճ աղջկա մահվան պատճառ դարձած Պուչինի ամուսիններն այս ողբերգությունից հետո գիշերները հանգի՞ստ են քնում, թե՝ երբեմն-երբեմն հառաչում են, դրա մասին պատմությունը «համեստորեն» լռում է։

Տոսկանյան սիգարների եւ ծխախոտի մոլի երկրպագու կոմպոզիտորը սկսում է բողոքել կոկորդի ցավից։ Որդին թաքցնում է ծնողներից, որ Պուչինիի կոկորդի ցավի պատճառը քաղցկեղն է։

Վախճանվում է Բրյուսելում, նոյեմբերի 29-ին, եւ «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում։

Արժե՞ այսպիսի տխուր վերջակետ դնել, եթե ինքը՝ Ջակոմո Պուչինին, կենսասեր եւ ուրախ մարդ էր։ Ավելին՝ շատ սրամիտ։

Մի անգամ թատրոնում Պուչինին ասում է ընկերոջը.

-Գլխավոր մեներգիչն անասելի վատ է երգում, այսպիսի ահավոր կատարում երբեւէ չէի լսել։

— Դե էլ ինչու՞ ենք նստել, գուցե գնա՞նք,- առաջարկում է ընկերը։

-Ոչ մի դեպքում։ Գիտեմ, թե ինչպես  ավարտվում այս օպերան։ Հերոսուհին սպանելու է նրան, ու ես պետք է վայելեմ այդ երջանիկ պահը,- ասել է Պուչինին։

Նախորդ հոդվածը‘Պետդեպ. Բեռնի հանդիպումը կարեւոր էր’
Հաջորդ հոդվածը‘ՏԿԱԻՆ. Իրականացվելու են կանխարգելիչ պայթեցման աշխատանքներ’