‘Այսօր ծնվել է Սարա Քոլրիջը՝ «աղքատիկ» կենսագրությամբ գեղեցկուհին’

2488

Գուցե ոմանց զարմացնում է, որ աշխարհի մեծերի ու շատ մեծերի հարուստ ցանկից «Այսօր ծնվել է» շարքում ավելի հաճախ ընտրվում են քիչ հայտնի, անհայտ կամ մոռացված մարդիկ։ Դժվար թե նպատակը հասկանալի չլինի. ականավորները չեն մոռացվում, նրանց մասին շատ է գրվում։ Եվ հետո՝ մարդը կարող է ե՛ւ տաղանդավոր լինել, եւ նույնիսկ՝ հանճար, բայց նրա կենսագրությունը միայն հորանջելու ցանկություն առաջացնի։

Ի տարբերություն այս շարքի մինչ օրս ներկայացված կանանց, անգլիացի բանաստեղծ Սարա Քոլրիջի կյանքը նույնպես «աղքատիկ» է. բարձրաշխարհիկ հասարակության հավաքույթների մուսան եւ սիրահարը չի եղել, աղմկահարույց սիրային պատմությունների կիզակետում չի հայտնվել, բայց միեւնույն է՝ դժվար էր այս գեղեցկուհու կողքով անտարբեր անցնել։ 

Սարա Քոլրիջը (1802-1852) անգլիացի բանաստեղծ, գրաքննադատ, փիլիսոփա Սեմյուել Քոլրիջի դուստրն է, բանաստեղծ եւ կենսագիր Հարթլի Քոլրիջի քույրը։

Սարան ծնվել է Անգլիայի Բրիսթոլ քաղաքում, մեծացել հոր ընկերների՝ նշանավոր բանաստեղծներ Ռոբերտ Սաուտիի (Սարայի հայրը եւ Սաուտին ոչ միայն մտերիմ ընկերներ էին, նաեւ քենակալներ էին՝ Ֆրիքեր քույրերի ամուսինները) եւ Ուիլյամ Ուորդսուորթի միջավայրում։ Սարան հիանալի կրթություն է ստանում, գիտեր լատիներեն, հին հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն։ Դեռ գրեթե աղջնակ էր, երբ անգլերեն թարգմանեց ճիզվիտ Մարտին Դոբրիցհոֆերի գիրքը՝ Պարագվայում իր 12-ամյա միսիոներական գործունեության մասին։ Ի դեպ, Սարան թարգմանել էր իր եղբայրներից մեկի քոլեջի ուսման վարձը վճարելու համար։ Հետագայում, ի դեպ, այդ գրքից ներշնչված՝ Սաուտին «Պարագվայյան հեքիաթ» պոեմն է գրում, եւ այնտեղ հարեւանցի նկատում է, որ հեղինակը շատ կզարմանար, եթե իմանար, թե ով է իր գրքի թարգմանիչը։ Հաջորդը թարգմանում է միջնադարյան ասպետ Ժակ դը Մայի կենսագրական վեպը (Մայը 24 տարի զորավար Պիեռ դը Բայարդի զինակիրն էր եղել, եւ նրա մահից հետո, հրաժարվելով զինվորական ծառայությունից, նոտար է աշխատում եւ զուգահեռաբար գրում իր սիրելի զորավարի քաջագործությունների մասին)։

Սարայի բանաստեղծ հայրիկը գլխովին տրվել էր օփիումի «հմայքներին», ապրում էր օտարների հարկի տակ։ Սարայի բանաստեղծ եղբայր Հարթլին նույնպես չէր փայլում կամային հատկանիշներով եւ ժառանգել էր հոր թուլությունները, այնպես որ՝ Սարա Քոլրիջի ժլատ կենսագրությունից դժվար չէ գուշակել, որ գրականությամբ ներծծված այդ ընտանիքի հոգսն աստվածամոր գեղեցկությամբ այս աղջկա ուսերին էր։

Սարան ամուսնանում է իր զարմիկ Հենրի Քոլրիջի հետ, եւ 1834-ին իր դստեր համար մանկական բանաստեղծություններ է գրում՝ «Զվարճալի չափածո դասեր լավ երեխաների համար», որը մեծ հաջողություն է ունենում։ 1837-ին հրատարակվում է նրա ամենածավալուն գործը՝ »Ֆանտազմիոն» հեքիաթը, որն իր պերճաշուք լեզվի շնորհիվ արժանանում է գրաքննադատների ուշադրությանը։

Ամուսնու մահից հետո Սարան շարունակում է նրա սկսած աշխատանքը՝ հոր ուսումնասիրությունների հրատարակման գործը, հավելում է իր մի քանի գրառումները, որոնցից մեկն էլ «Ռացիոնալիզմի մասին ակնարկ-ն էր», նաեւ՝ վերջաբան է գրում։

Հիսուն տարեկան էր, երբ գնաց միանալու իր ամուսնուն։ Կյանքի վերջին շրջանում սկսած ինքնակենսագրությունը շարունակում է նրա աղջիկը, հրատարակվում է 1874-ին։

Մեր այս շատ հետաքրքիր աշխարհում եղել է նաեւ այսպիսի մի «ձանձրալի» գեղեցկուհի, որի մտքով չի անցել այդ բնության պարգեւ գեղեցկությունն օգտագործել իր  եւ մերձավորների կյանքը հեշտացնելու համար։

 

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել երկու կնոջ’