Այսօր ծնվել է Սեւակ Արամազդը

62295

«Հայաստանի բնությունը՝ գաղտնի իմացությունների այդ գանձը, խոսում է երկնքի և երկրի կենդանի լեզվով»: Ռուս բանաստեղծ Յուննա Մորիցի այս տողերը հայ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ եւ թարգմանիչ Սեւակ Արամազդի «Արեւի լեռը» վեպի մասին է, որ վստահաբար կարելի է գրողի ողջ Ստեղծագործության բնութագիր համարել եւ ասել. Սեւակ Արամազդը «խոսում է երկնքի և երկրի լեզվով»։

Վկան` նրա «Մակընթաց Լոյս», «Չփակվող շրջան», «Ինքը», «Երկինք ու Երկիր», «Արմէն», «Արեւի լեռը», «Մի մեծ լուսաբաց» գրքերը, որոնցից «Չփակվող շրջանը», «Արմէն»–ն ու «Արևի լեռը» թարգմանվել են ռուսերեն, իսկ «Արմէն» վեպը՝ նաեւ գերմաներեն։

Սեւակ Արամազդը գերմաներենից հայերեն է թարգմանել Գյոթեի, Հայնեի, Ռիլկեի, Տրակլի, Բյոլի, Հեսսեի մի շարք ստեղծագործություններ և գրական ու փիլիսոփայական էսսեներ։

Ծնվել է Հայաստանում (Գեղաշեն), սովորել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական եւ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում, ուսանել է գերմանագիտություն եւ փիլիսոփայություն։ Հայաստանի գրողների միության անդամ է։

Ապրում է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։

«Արեւի լեռը» գրքի շնորհանդեսի ժամանակ` 2014 թվականին, գրողն ասել է. «…մանկությունը միակ ճշմարիտ իրականությունն է: Երբ մանուկ ես, աշխարհն ընկալում ես իբրև երազ, հետո աշխարհը դառնում է իրականություն, իսկ մանկությունը՝ երազ…»:

Արամազդի Ստեղծագործության մեջ մշտապես ներկա են իրականությունն ու երազը, եւ երկուսի մեջ էլ մեծատառով Մտավորականի տառապանքն ակնառու է, որովհետեւ, ինչպես իր հարցազրույցներից մեկում է ասել գրողը. «Ստեղծագործությունը ճիշտ նույնպիսի մի էակ է, ինչպիսին ստեղծագործողն է»։

Սեւակ Արամազդն այսօր դարձավ 60 տարեկան։

Իլուր–ի աշխատակազմը շնորհավորում է գրողին եւ մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն. Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը
Հաջորդ հոդվածըԱմստերդամում հայտնի լրագրող է ծանր վիրավորվել