‘Այսօր ծնվել է Քրիստիան Ֆրիդրիխ Հայնեկենը. «Ափսոս էր երեխան» (Վ. Ս.)’

2873

Նա տնքում էր ողջ մարմնի անտանելի ցավից, անքնությամբ էր տառապում։ Ողջ կյանքում միայն զանազան շիլաներ էր կերել եւ «վաստակեց» ցելիակիա (բարակ աղիների ատրոֆիա) հիվանդությունը։ Նրա ապրած ժամանակաշրջանում այս հիվանդությունը դեռ հայտնի չէր բժիշկներին։ Ծայրահեղ դյուրագրգիռ էր դարձել ցանկացած հնչյունի նկատմամբ, ձայները խոշտանգում էին նրան։ Աղաղակում ու լաց էր լինում, պահանջում էր, որ բոլորը լռեն։ Մաշող, նյարդային մաքրամոլությունն էլ՝ մյուս կողմից. անընդհատ խնդրում-աղաչում էր, որ լողացնեն իրեն, ձեռքերը լվանան, հագուստը փոխեն։ Մի օր էլ դեմքին ուռուցքներ հայտնվեցին։ Եվ նույնիսկ այս վիճակում՝ նրան ստիպում էին ընդունել այցելուներին եւ պատասխանել նրանց հարցերին։ Նա կանխագուշակել էր, թե երբ է հոգին ազատելու այս աշխարհից եւ վերջին անգամ աչքերը փակելուց առաջ ասել է. «Տեր Հիսուս, վերցրու իմ հոգին…»։

Չորսուկես տարեկան դեռ չկար…

Քրիստիան Ֆրիդրիխ Հայնեկենը (1721-1725) ծնվել է Գերմանիայի Լյուբեկ քաղաքում, եւ աշխարհն այդպես էլ կոչել է նրան՝ «լյուբեկցի մանուկ»։

10 ամսականից սկսել է խոսել եւ կրկնել իր լսած յուրաքանչյուր բառը։ Մեկ տարեկան էր, արդեն գիտեր  Աստվածաշնչի բոլոր հիմնական իրադարձությունները, երկու տարեկանում կարող էր բարձրաձայնել աստվածաշնչյան պատմության բոլոր փաստերը, ծավալուն հատվածներ էր մեջբերում։ Երեք տարեկանում համաշխարհային պատմություն եւ աշխարհագրություն գիտեր, լատիներեն ու ֆրանսերեն։ Նրա հետաքրքրության շրջանակում էին նաեւ մաթեմատիկան ու կենսաբանությունը, չորս տարեկանում կատարելապես գիտեր եկեղեցու եւ կրոնի պատմությունը։

Նրա հայրը նկարիչ էր եւ ճարտարապետ, իսկ մայրն ալքիմիկոս էր եւ գեղարվեստական գործերի վաճառատուն ուներ։ Ծնողները ոչ մի ջանք չէին խնայում՝ իրենց փոքրիկ հանճարի մասին ողջ աշխարհին հայտնելու համար (չէ՞ որ նրա համբավը նաեւ փող էր բերում)։ Օրուգիշեր հրաշամանուկին տեսնելու ցանկություն ունեցողներին էին ընդունում-ճամփում, Քրիստիանին էին տանում այսուայնտեղ հանդիպումների, ճամփորդում էին նրա հետ։ Հասարակությունը հիանում էր, «ախուօխ» էր անում, իսկ վատառողջ մանչուկը հալվում էր ու հալվում։

Հրաշք երեխայի մասին լուրը հասնում է նաեւ Դանիայի թագավոր Ֆրիդրիխ 4-րդին։ Նա պահանջում է երեխային հասցնել Կոպենհագեն, որ իր աչքով տեսնի՝ իրականությանը համապատասխանու՞մ են նրա մասին «հեքիաթները»։ 1724-ի սեպտեմբերին (երեք տարեկան յոթ ամսական էր) Քրիստիանը թագավորի պալատում էր։ Մանչուկը մի քանի դասախոսություն է կարդում ապշահար թագավորի ու պալատականների համար, թագավորը գոչում է՝ հրաշք է, շքանշան է կախում փոքրիկի կրծքին։ Իսկ ահա հոգնած Քրիստիանը հրաժարվում է մասնակցել իր պատվին կազմակերպված թագավորական ճաշկերույթին, որովհետեւ, ո՞նց չեն հասկանում այս մեծերը՝ ինքը միայն շիլա է ուտում։

Մարդկությունը շատ հրաշամանուկների է տեսել, բայց «լյուբեկցի մանուկի» հետ ոչ ոք չի կարող չափվել մինչ օրս։ Ժամանակակիցների տպավորությամբ՝ ողջ աշխարհը տեղավորվել էր նրա գլխում։ Եվ բնական է, որ լյուբեկյան գիմնազիայում չեն զարմանում, երբ ամբիոն է բարձրանում չորսամյա Քրիստիանը եւ դասախոսություններ կարդում։ Կախարդված ունկնդիրներից մեկն էլ գիմնազիայի ռեկտոր Յոհան Հենրիխ ֆոն Զեելենն էր։ Երեխան վերլուծում է հռոմեական, գերմանական եւ այլ կայսրերի՝ Կեսարի ու Օգոստոսի, Պտղոմեոսի ու Կարլ Մեծի կենսագրությունն ու գործունեությունը։ Հետո սահուն անցնում է հրեական թագավորներին, այդտեղից էլ գնում հասնում է Գերմանիայի աշխարհագրական առանձնահատկություններին եւ մարդու կմախքի կազմությանը։ Եվ իրար հետ կապ չունեցող այս պատմություններն այնպիսի կուռ տրամաբանական շղթայով է կապում միմյանց, որ զարմանքից քարացած լսարանը հիացմունքից թառանչում է։ Ֆոն Զեելենն իր օրագրում գրել է. «Լսարանը կախարդված էր, բոլորի բերանները բաց էին մնացել։ Մեկ էլ փոքրիկն անսպասելի լռեց՝ լսելով զանգերի ձայնը. «Իսկ հիմա ներեցեք, պարոնայք, ինձ բուժքույրն է սպասում»»։

…Երկու շաբաթ փոքրիկ Քրիստիանի անշունչ, տանջահար մարմինն անթաղ է մնում։ Գալիս էին ու գալիս աշխարհի բոլոր ծայրերից՝ հռչակավորները, բարձրաստիճան այրերը։ Իսկ փոքրիկի «վշտահար» հայրը արարողապետի դեր էր ստանձնել, «դավթարը» ձեռքին գրի էր առնում ցավակցողների անունները, տիտղոսները եւ «արժանապատվորեն» ընդունում տարբեր լեզուներով գովերգումները…

Նրա ավագ եղբայր Կարլը, որը հայտնի արվեստաբան էր դարձել, խոստովանել է, որ ողջ կյանքում հետապնդել է իրեն այն տանջալի տեսարանը, թե ինչպես իր 4-ամյա եղբայրը մահն ընդունեց փիլիսոփայի խաղաղությամբ։

«Մեր կյանքը ծխի է նման»,- մի առիթով ասել էր լյուբեկցի հրաշամանուկը։

 

Նախորդ հոդվածը‘57534 եվրո` օրական. ֆուտբոլիստների աշխատավարձերի Top-10-յակը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 198 լուսանկար է հրապարակել Իրաքում և Աֆղանստանում բռնությունների վերաբերյալ’