‘Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. Նրա արվեստը, աշխարհայացքը, մտքի փիլիսոփայական խորությունը’

3710

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս եւ իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Ժան-Լյուք Գոդար

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում (Վրաստան), հայկական ընտանիքում: Նրա ծնողները եղել են հնավաճառներ. ապագա ռեժիսորի մոտ վաղուց ձևավորվել էր որոշակի ճաշակ: Փարաջանովը մանկուց գեղապաշտ էր, տարված՝ երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Դրա շարունակությունը եղավ պոեզիան և բանահյուսությունը, առհասարակ, առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը, որ նրա զարմանահրաշ արվեստի առանցքն են:

Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ.-ին Փարաջանովը ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։ 

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի եւ ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաեւ վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:

 

Ուղիղ 10 տարի առաջ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակի առթիվ լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով. Զոնա ուղարկված նամակներ» գիրք-ալբոմը, ուր զետեղված են այն բոլոր նամակներն ու նկարները, որոնք մեծանուն ռեժիսորի մտերիմներն ու հարազատները նրան են գրել բանտում եղած տարիներին:

Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին՝ Երևանում։ 2010 թ.-ին Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը ՝  վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով, իսկ հունիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կնվիրվի հայտնի կինոռեժիսորին, որտեղ կնշվի նաեւ նրա 90-ամյա հոբելյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 8-ին Երեւանում ծնվել է 64 երեխա’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսական վիտյազները» առաջին անգամ Հայաստանում բացառիկ շոու կներկայացնեն’