‘Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է’

1277

Այսօր հայ մեծ գրող, երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է:

Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին:

Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում:

Նրա առաջին ոսուցիչը եղել է հետագայում հռչակավոր կրոնական գործիչ Ներսես Վարժապետյանը, որի մասին Պարոնյանը համակրանքով է խոսում իր «Ազգային ջոջեր»-ում: 

Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ: 

Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»-ին՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն: 

«Մեղու»-ի դադարեցումից անմիջապես հետո Պարոնյանը հիմնում է «Թատրոն» շաբաթաթերթը, որը լույս է տեսնում ընդամենը երեք տարի: Միաժամանակ հրատարակում է «Թատրոն մանկանց» պատկերազարդ պարբերականը: Սրանց դադարեցումից 5-6 տարի հետո միայն հաջողվում է հրատարակել նոր երգիծաթերթ՝ «Խիկար»-ը, որը շուտով արժանանում է նախորդների ճակատագրին: 

Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն: 

Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27-ին՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը: 

Նախորդ հոդվածը‘Անդրեա Պիրլո. Ես կարող էի տեղափոխվել «Չելսի»’
Հաջորդ հոդվածը‘1,4 միլիոն եվրոյի նվիրատվություն Եվրոպայից ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին’