‘Այսօր Հայաստանում կան շաքարավազ ներկրող 84 ընկերություններ. Է.Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովում ‘

2045

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը

Պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Մենք ողջունում ենք իռլանդական նախագահության «Արդյունավետ կառավարման» առաջնահերթությունը։ Դա նաև մեր առաջնահերթություններից է: Հայաստանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցաբար, իրականացնում է մի ծրագիր, որը նպատակաուղղված է արդյունավետ տնտեսական կառավարման խթանմանը՝ արագ կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով, որը հայտնի է նաև «կարգավորիչ գիլյոտին» անվամբ: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված այլ քայլերի հետ միասին այն արդեն դրական ազդեցություն է ունեցել. Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի համաձայն՝ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը` բարձրանալով 50-րդ տեղից 32-րդը: Հայաստանում սկսվել է բարեփոխումների մի շրջան, երբ տնտեսությունն իսկապես ազատականացվել է, վերացել են մոնոպոլիաները, հարկային և մաքսային մարմինները երբեք այդքան սիրալիր ու բարեհամբույր չեն եղել տնտեսվարողների հետ, որքան հիմա: Հայաստանում յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել գործարարությամբ, և բացառվում է, որ հարկայինը կամ մաքսայինը կարող է նրանց նեղել: Այսօր Հայաստանում կան շաքարավազ ներկրող 84 ընկերություններ, բենզին և դիզվառելիք ներկրող 43 ընկերություն: Չկա որևէ ոլորտ, որտեղ մոնոպոլիա լինի:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ծավալուն փաթեթ է իրականացնում՝ առավել ամրապնդելու ժողովրդավարական կառույցները, օրենքի գերակայությունը, պաշտպանելու և ամրապնդելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, բարելավելու ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը, ամրապնդելու անկախ դատական համակարգը և ընդլայնելու քաղաքացիական հասարակության դերը: Հայաստանն այս հարցում հասել է աննախադեպ հաջողությունների: Ես դեռ օդանավում էի, երբ Հայաստանից լուր հասավ, որ ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ հայտնի բիզնեսմենի ուղղությամբ կրակելու համար: Դա ամենավառ ապացույցն է այն բանի, որ Հայաստանում այսօր բոլորը հավասար են օրենքի առաջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար ձերբակալվել է 7 նախարար, 68 պատգամավոր, ընդ որում՝ 99 տոկոսը՝ իշխող Հանրապետական կուսակցությունից: Իսկ երեկ էլ ձերբակալվել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ մի քանի կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու պատճառով: Սերժ Սարգսյանը, այո՛, Հայաստանը դարձրել է հավասարների երկիր: Այնքան հավասարների, որ նույնիսկ ինքն իր հանդեպ քրեական հետապնդում սկսելու նախաձեռնություն է սկսել՝ իր խորհրդական Վիկտոր Դալլաքյանի հրապարակային հայտարարությունների հիման վրա, որ ինքն անհայտ ծագման միլիոնավոր դոլարներ է կրվել Մոնակոյի կազինոներում:

Հայաստանում կրճատվել է ստվերային տնտեսությունը, այն այլևս գրեթե գոյություն չունի: Սերժ Սարգսյանի հրահանգով՝ ՀՀ պետական բյուջեի 20-ապատակի չափով գողացված գումարներ են վերադարձվել բյուջե: Այսօր Հայաստանում աննախադեպ խոսքի ազատություն է, Հայաստանի անկախացումից ի վեր՝ երբևէ նման խոսքի ազատություն չի եղել: Բոլոր հեռուստաընկերություններն այլևս իրենց լուրերի թողարկումը չեն սկսում Սերժ Սարգսյանի մասին երկարաշունչ ռեպորտաժներով, այժմ բոլոր հեռուստաընկերությունները իրենց լուրերի թողարկումներում Սերժ Սարգսյանի մասին խոսում են միայն օրական մեկ անգան՝ առավելագույնը 30 վյրկ տևողությամբ: Իսկ լրատվական կայքերն ու թերթերն էլ ընդհանրապես ազատականացվել են, այժմ նախագահական նստավայրը նույնիսկ ամենամսյա մրցանակ է տալիս՝ Սերժ Սարգսյանի պատկերով լավագույն հումորային կոլաժի համար: Բանակում վերացել են անպատժելիության մթնոլորտը և սպանությունները: Այժմ սահմանային զորամասերում ծառայում են բացառապես պաշտոնյաների երեխաները, իսկ սահմանային գյուղերում ապրելու համար պետությունը քաղաքացիներին հավելավճար է տրամադրում: Երևանի դպրոցների ջեռուցումն այլևս չի կարևորվում ավելի, քան սահմանային գյուղերի վիճակը: Այսօր արդեն ՀՀ սահմանային գոտում կան ավելի քան 94 օրինակելի գյուղեր՝ եվրոպական մոդելով վերակառուցված:

Հայաստանը հաղթահարել է նաև հանցավորության բարձր աստիճանը: Այժմ Հայաստանում չբացահայտված սպանություններ չկան: Ընդ որում՝ բացահայտվել են ոչ միայն վերջին մի քանի տարվա աղմկահարույց հանցագործությունները, այլև բոլո՛ր հանցագործությունները, այնպես, որ այժմ ոստիկանությունը սկսել է բացահայտել 20 տարվա վաղեմության մանր հանցագործությունները: Այդ առումով կարեւոր ձեռքբերում ենք համարում այն, որ օրերս ՀՀ Ոստիկանությունը բացահայտել է 22 տարի առաջ կատարված «Մոսկվիչ»  մեքենայի անվադողերի գողությունը: 

Հայաստանն այսօր տոնում է ժողովրդավարության հաղթանակը: Դրա լավագույն ապացույցը 2012թ. մայիսի Հայաստանի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք գնահատվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից որպես ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող: Այո՛, ԵԱՀԿ գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, դուք ուղղակի սխալ եք կարդացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Այնտեղ գրված է ոչ թե՝որ ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած չափանիշներին, այլ՝ հակառակը, որ համապատասխանում էին: Ընտրություններն անցան այնքան ազատ, արդար ու թափանցիկ, որ արդեն կես տարի է՝ մենք ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից ու Ֆինլանդիայից հազարավոր քաղաքացիներ ենք վերապատրաստում՝ ընտրական գործընթացները կատարյալ թափանցիկ դարձնելու համար: Հայաստանն այսօր պատրաստ է ընտրական հարցերում իր արձանագրած աննախադեպ հաջողությունները կիսել աշխարհի այլ երկրների հետ: Հայաստանը պատրաստ է Եվրոպային սովորեցնել, թե ինչպես է պետք իրապես ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: Մենք վճռական ենք տրամադրված ամրապնդելու այս ձեռքբերումը և անցկացնելու 2013թ. նախագահական ընտրությունները ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Շնորհակալ եմ վստահության և ուշադրության համար, և նաև տեղեկացնեմ, որ մինչև ես ելույթ էի ունենում, Սերժ Սարգսյանը կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և հակապետական գործունեություն ծավալելու մեղադրանքով պաշտոնանկ է արել ինձ, ինչպես նաև նույն մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել հենց Սերժ Սարգսյանի հանդեպ:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին 

Նախորդ հոդվածը‘Միջազգային ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում այսօր’
Հաջորդ հոդվածը‘8 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’