‘Այսօր Հրանտ Դինքը կդառնար 58 տարեկան’

1084

Այսօր նշանավոր ստամբուլահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները համարձակ մեկնաբանող հոդվածներով:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում հայազգի Սարգիս Դինքի (Հաշիմ Քալֆա) և Սվազից սերող Գյուլվարդ Դինքի ընտանիքում: Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, Դինկը հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, հենց այստեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին:

Հրապարակախոսը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Նախորդ հոդվածը‘Փայտյանին ազատել են՝ բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի միլիարդատերը դատի է տվել հայ միջնորդին’